Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Հոգեբանի անկյուն» ակումբի հերթական հանդիպումը, որն սկսվեց Տերունական աղոթքով: Բանախոսներն էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը և հոգեբան Հայկուհի Թովմասյանը:
Քննարկման թեման էր «Գիտակցության վերափոխում (մտքի ուժ)»:
Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝
- Գիտակցության վերափոխման տեսակները,
- Հավատամքների տեսակները,
- Ինչպե՞ս բացահայտել իռացիոնալ մտքերը և փոխարինել ռացիոնալ մտքերով:
Հանդիպման սկզբում թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը ներկաներին ներկայացրեց Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի հեղինակած ,,Армянская Апостольская Св. Церковь, век XX,, աշխատությունը, ապա նոր հրատարակված գրքի մասին պատմեց Տեր Վազգենը:
Քննարկման թեման հոգեբանական տեսանկյունից հանգամանալից ներկայացրեց Հ. Թովմասյանը, իսկ հոգևոր վերլուծություններով հանդես եկավ Տեր Վազգենը:
Շատ արդիական էր հանդիպման թեման՝«Գիտակցության վերոփոխում»-ը, որի շուրջ ակտիվ քննարկում սկսվեց. ներկաները հնչեցրին տարբեր կարծիքներ:
«Պահպանիչ» աղոթքով Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը եզրափակեց հանդիպումը:
Սեմինարի կազմակերպիչների աշխատանքը գնահատվեց ներկաների կողմից և բազմաթիվ հիացմունքի խոսքեր հնչեցին հանդիպման ավարտին:
Տեղեկացնենք նաև, որ այսօր ակումբի այս տարվա վերջին հանդիպումն էր, և քանի որ ծրագիրը շարունակական է, այն կշարունակվի նաև 2017թ.-ին և կքննարկվեն ներկաների կողմից ներկայացված առավել հետաքրքիր թեմաներ:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու