Լույս է տեսել Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի  «Армянская Апостольская Св. Церковь, век XX» աշխատությունը


05

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան

Լույս է տեսել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Армянская Апостольская Св. Церковь, век XX» աշխատությունը: Գրքում նկարագրված է 20-րդ դարում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին վերաբերող պատմական իրադարձությունները` ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսների գահակալության ժամանակաշրջանների:

Տեր Հայրը նախ համառոտակի նկարագրել է մեր Սուրբ Եկեղեցու հիմնադրության պատմությունը, ապա գեղեցկորեն անցում է կատարել 20-րդ դար՝ Ցարական Ռուսաստանի, Առաջին Համաշխարհային պատերազմի, Հոկտեմբերյան հեղափոխության, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Սովետական Միության, Հայաստանի Անկախության, Արցախյան պատերազմի ժամանակաշրջաններից մինչև մեր օրերը:

Չնայած, որ գրքում առկա նյութերը հիմնավորված են մեր ժողովրդի ու եկեղեցու պատմության արժեքավոր արխիվային փաստաթղթերի հիման վրա, այն շարադրված է մատչելի և գրավիչ լեզվով, այդիսկ առումով այն ժամանակակից ընթերցողին հարուստ գիտելիքներ է տալիս 20-րդ դարի Հայ Եկեղեցու և ժողովրդի կարևորագույն իրադարձությունների մասին, ինչպես նաև 20-րդ դարում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ռուս Պրովոսլավ Սուրբ Եկեղեցու փոխհարաբերությունների վերաբերյալ:

Այս գրքի հրատարակման նպատակն է առավել լայն մասսաներին, օտարներին, ռուսալեզու մեր հայորդիներին առավելագույնս հաղորդակից դարձնել մեր եկեղեցու և ժողովրդի պատմության կարևորագույն այս ժամանակահատվածին:

Պետք է նշենք, որ գիրքն իր հորինվածքային կառուցվածքով առաջին ռուսալեզու հրատարակությունն է:

Շնորհավորում ենք մեր սիրելի′ Տեր Հորը և աղոթում, որ Ամենակալ Աստված օրհնություն, ուժ, զորություն պարգևի իրեն և Սուրբ Հոգու առատաբուխ շնորհներով առաջնորդի իր ստեղծագործական կյանքում, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում տեր և տիկին Նորիկ և Անուշիկ Հակոբյաններին, որոնց մեկենասությամբ իրականացավ գրքի հրատարակումը:

Թող Ամենազոր Աստված օրհնի և հովանի լինի ազնիվ բարերարներին:

Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements