Սբ. Ծննդյան Սրբազան արարողությունները Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում


 

Սբ. Ծննդյան Սրբազան արարողությունները  Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում

Հունվարի 5-ին Վայոց ձորի թեմի Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սբ. և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում քարոզ խոսեց   Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածհայտնության խորհրդի և մարդկային կյանքում նրա նշանակության մասին:

Պատարագի ավարտին կատարվեց նախատոնակ, որից հետո պատարագիչ Տեր Հայրը Տիրոջ Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության ավետիսը և եկեղեցու Ավագ խորանից լույսը փոխանցեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որպեսզի իրենց հարկերը պայծառացնեն Տիրոջ Ս. Ծննդյան ավետաբեր և կենդանարար լույսով:

Հունվարի 6-ին՝ Սբ. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի օրը, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց և ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին նվիրված պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը՝ ի հիշատակ Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի Մկրտության:

2017թ. Սբ. Տրդատ եկեղեցու խաչքավորի պատվին արժանացավ Վարդան Սարգսյանը:
Ծիսակատարության ավարտին Խաչը Տեր Հոր կողմից հանձնվեց խաչքավորին, ով, կարգի համաձայն, Ջրօրհնյաց Խաչը իր օջախում 40 օր պահելու պատվին արժանացավ:

Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, Սբ. Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ Սբ. Պատարագ և Հոգեհանգստյան կարգ:

Թեմի լրատվության բաժին

 

Advertisements