Վայոց Ձորի թեմ

Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը

Advertisements

Հայոց եկեղեցու տասներկու շաբաթապահքերից է Առաջավորաց պահքը: Այն նախորդում է Մեծ պահքին և կատարվում է նրանից երկու շաբաթ առաջ: Առաջավորաց հնգօրյա պահքի հաջորդ օրը, որը շաբաթ է, նշվում է Ս. Սարգսի տոնը:

Հայ պատմագրության մեջ, ինչպես նաև «Կանոնագիրք Հայոց»-ում, տոմարական, տոնախոսական գործերում, տարբեր թղթերում և քարոզներում բավականին հանգամանալից բացատրվել է այս պահքի թե′ անվանումը, թե′ ինչու է այն հնգօրյա և թե′ ինչպես է հարաբերվում այս պահքին հաջորդող Ս. Սարգսի տոնի հետ:

Այս պահքի Առաջավորաց անվանումը բացատրվում է որպես առաջինը կատարվող, և տրվում են հետևյալ 2 մեկնաբանությունները: Առաջավոր է կոչվում, որովհետև այն սահմանված առաջին պահքն է և կարգվել է նախահայրերի կողմից: Երկրորդ՝ սա առաջին պահքն է, որ հաստատեց Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ քարոզությամբ ու ապաշխարությամբ հայ ժողովրդին նախապատրաստելով դեպ քրիստոնեության դարձին:

Ագաթանգեղոսը Ս. Գրիգորի քարոզությամբ հայ ժողովրդին քրիստոնեություն ընդունելուն նախապատրաստելու մասին գրում է.«Գիշեր-ցերեկ նրա շուրջն էին և օթևանում էին նրա մոտ՝ այգու մեջ, հնձանի դռանը. քուրձ էին հագել և մոխրի վրա նստած՝ վաթսունվեց օր պաս էին պահում»/Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, աշխ. Ա. Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1983, էջ 409/:

4-րդ դարի հեղինակ Զենոբ Գլակի «Տարոնի պատմության» մեջ, որը 7-րդ դարում խմբագրվել է Հովհան Մամիկոնյանի կողմից, ասվում է, որ Ս. Գրիգորը երբ ելավ Վիրապից, «բոլորին հավաքեց իր մոտ, որոնք վեց օր շարունակ նրա առջև կեցած՝ ոչինչ չուտելով և չըմպելով, լսում են վարդապետության քարոզչությունը»/Հովհան Մամիկոնյան, Տարոնի պատմություն, աշխտ.Վ. Վադանյանի, Երևան, 1989, էջ 34/:

Այս մասին գրում է նաև Ստեփանոս Ասողիկը՝ Ագաթանգեղոսի և Հովհան Մամիկոնյանի վկայությունները ներկայացնելով իր ժամանակին՝ 11-րդ դարի արդեն հաստատված կանոնական ըմբռնումների տեսանկյունից: Ինչպես պատմիչն է գրում, Ս. Գրիգորը, ելնելով Վիրապից, «լուսաւոր վարդապետությամբ սկիզբն առնէ և բժշկութեան հարուածոցն, որ հինգ օր անսուաղ մնացեալ ամենայն բազմութեանն, ունկն դնելով վարդապետութեան Սրբոյն Գրիգորի, որ են Առաջաւոր պահք, ամի ամի պահեալք մինչև ցայժմ, թող զայլ ևս Կ /60/ օր վարդապետութեան նորա» Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմությիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 61/:

Այսպիսով, Առաջավորաց պահքը, ինչպես գրում են մեր պատմիչները սահմանվել է Ս. Գրիգորի՝ Վիրապից ելնելուց հետո: Ինչպես որ Առաջավորաց պահքը նախորդում է Մեծ պահքին, այնպես էլ Ս. Գրիգորի վաթսունվեցօրյա քարոզությունը, համապատասխան տրոհմամբ, ներկայացվում է որպես վեցօրյա և վաթսունօրյա պահքերի համադրում:

Ագաթանգեղոսը, վաթսունվեցօրյա պահեցողության մասին գրելուց անմիջապես հետո ասում է.«Այսպես երանելի Գրիգորը վաթսունհինգ օր, գիշեր-ցերեկ, անհանգիստ ու անդադար խոսում էր, խրատում, ուսուցանում ու հաստատում»Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, էջ 409:

Վեց և հինգ օրերի միջև առկա մեկօրյա այս տարբերությունը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ հնգօրյա պահքին հաջորդում է Ս. Սարգսի տոնը, որի կատարումը սերտորեն կապվում է Առաջավորաց պահքի արարողությունների հետ:

Շարունակելի…

 

Հատվածներ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի «Ամենահաս Սուրբ Սարգիս» գրքից:

Advertisements