Վայոց Ձորի թեմ

Ամենահաս Սուրբ Սարգիս. Առաջավորաց պահքը և Սուրբ Սարգսի տոնը

Advertisements

Առաջավորաց պահքի մասին կարևոր հիշատակություններ ենք գտնում նաև «Կանոնագիրք Հայոց»-ում: Սահակ Պարթևին վերագրվող կանոնախմբում Առաջավորաց պահքը ներկայացվում է իրար հաջորդող տոների հետևյալ շարքում. «…Եւ Տեառնընդառաջն, եւ Առաջաւոր պահոցն կատարումն, տաւն միջնոց Քաոասներորդացն Զատկի…» /Կանոնագիրք Հայոց, աշխտ. Վ. Հակոբյանի, հտ. Ա, Երևան, 1964, էջ 398/:

Սահակ Պարթևին վերագրվող այս կանոնախմբից հստակ երևում է, որ 5-6-րդ դարերում արդեն Առաջավորաց պահքը հաջորդել է Ս. Ծննդյանը և նախորդել Մեծ պահքին: Մեծ պահքին նրա մերձավորությունը երևում է նաև նրանից, որ այս պահքը հիշվում է Տյառնընդաոաջից հետո:

Մովսես եպիսկոպոսի՝ Վրթանես Քերթողին ուղղված թղթում (604-607 թթ.) ասվում է. «…եւ ոչ ապականել գխորհուրդ եւթն շաբաթոցն պահոց, այլ լնուլ զՍուրբ Քառասներորդսն, հնգաւրեայ յԱռաջաւոր պահովքն»/Գիրք թղթոց, էջ 124/: Նման հրահանգը լիովին համընկնում է Հովհան Մամիկոնյանի և Ասողիկի այն վկայու­թյուններին, թե հնգօրյա Առաջավոր պահքը նախորդում է Մեծ պահքին:

Ինչպես նշում է տոմարագետ Ռ. Վարդանյանը, Գրիգոր Արշարունու (8-րդ դ.) «Մեկնութիւն ընթերցուածոց» գործում պահպանվել են «յԱռաջաւոր պահոց կիրակէին» և «իսկ յԱռաջաւոր պահոցն երկուշաբթոյն» արտահայտությունները: Ռ. Վարդանյանը նաև գրում է, որ Հովհան Գ Օձնեցին (կթղ. 717-728 թթ.), խմբագրելով Հովհան Ա Մանդակունու (կթղ. 478-490 թթ.) «Մեկնութիւն ընթերցուածոց» գործը, Առաջավորաց պահքի ուրբաթ օրը սահմանում է Նինվեացվոց հիշատակի օրը, իսկ շաբաթ՝ Ս. Սարգսի տոնը /Նույն տեղում, էջ 201/:

Եպիփան Կիպրացուն վերագրվող կանոնախմբում, որը, ըստ Վ. Հակոբյա­նի, պետք է կազմված լինի VIII-IX դարերում, Առաջավորաց պահքի մասին ասվում է. «Որք լուծանեն զԱռաջաւորսն և զԱղուհացսն և զՈւխտիցն և զՎարդավառին և զՍուրբ Աստուածածնին և զՍրբոյ խաչին և զՅայտնութեան շաբաթն և զչորեքշաբաթ և զուրբաթ՝ նզովեսցին ի սուրբ հարցն» /Կանոնագիրք Հայոց, հտ. Բ, աշխտ. Վ. Հակոբյանի, Երևան, 1971, էջ 279/:

Առաջավորաց պահքի մասին հիշատակություններ կան նաև տոմարագի­տական աշխատություններում: Այսպես, 7-րդ դարի նշանավոր մաթեմատիկոս և տոմարագետ Անանիա Շիրակացու «Տիեզերագիտութիւն եւ տոմար» գործում ասվում է. «Զի՞նչ է, որ ասէ կալ Լ (30) զՎերադիրն, երթ առանց Կիսակի. Զի Առաջաւորն աւագ լրմանն պատկեր է: Որպէս ոչ անդ եւ ոչ աստ տայ ունել զկիսակն» /Անանիա Շիրակացի, Տիեզերագիտութիւն և տոմար, աշխտ. Ա. Աբրահամյանի, Երևան, 1940, էջ 85/:

Քանի որ Շիրակացին տոնացուցային որևէ հավելում կամ կարգավորում իր կողմից չի կատարել, այլ զբաղվել է եղած տոների հետ կապված տոմարական հաշվարկներով, ուստի նշանակում է, որ յոթերորդ դարում այս տոնը հաստատուն ձևով եղել է Հայոց եկեղեցում, որին ժամանակային և տոմարական տեսանկյունից անդրադարձել է Շիրակացին: Համանման ձևով Առաջավորաց պահքը հիշում է և ԺԱ-ԺԲ դդ. հեղինակ Հովհաննես Սարկավագ Իմաստասերը /Տե′ս Ա. Գ. Աբրահամյան, Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը, Երևան, 1956, էջ 206/:

Շարունակելի…

 

Հատվածներ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի «Ամենահաս Սուրբ Սարգիս» գրքից

 

Advertisements