Սուրբ Սարգսի տոնակատարությունները  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


«Սէրը մշտապէս յոյս է տածում,

ամէն բանի համբերում…>>

(Կորնթ. 13)

Սուրբ Սարգսի տոնակատարությունները  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Տոնակատարությունն սկսվեց փետրվարի 10-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Սբ. Սարգսի տոնի նախատոնակը, ապա Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև եկեղեցի եկած բազմաթիվ երիտասարդներին տոնը խորհրդանշող աղի բլիթներ բաժանվեցին, որոնք նախորդ օրը թեմի Երիտասարդաց միության անդամներն էին մեծ սիրով պատրաստել:

Սուրբ Սարգսի տոնակատարությունները Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Սուրբ Սարգսի տոնակատարությունները  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Փետրվարի 11-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, թեմի առաջնորդարանում Երիտասարդաց միության կողմից կազմակերպվեց հոգեբանական ակումբի հերթական հավաքը, որի բանախոսներն էին Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը և հոգեբան Հայկուհի Թովմասյանը: Երիտասարդների և սիրո բարեխոս Ս. Սարգիս Զորավարի տոնի առիթով այս անգամ հանդիպման թեման էր՝ <<Սեր և սիրահարվածություն>>:

Թեմայի շուրջ հոգևոր վերլուծություններով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Հայրը, իսկ հոգեբանական տեսանկայունից այն ներկայացրեց Հ. Թովմասյանը:

Պետք է նշել, որ երիտասարդներին շատ հետաքրքրեց հանդիպման թեման և ամբողջ սեմինարի ընթացքում ցուցաբերում էին ակտիվություն և սեփական տեսակետն արտահայտելու մեծ ցանկություն:

Այնքան հետաքրքիր անցավ հանդիպում-քննարկումը, որ մասնակիցները չզգացին, թե ինչպես անցավ ժամանակը:

Այնուհետև երիտասարդները մասնակցեցին Սբ. Աստվածածին եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությանը, որի ավարտին Տեր Վազգենը քարոզ խոսեց՝ մեկնաբանելով տոնի խորհուրդն ու ներկայացնելով Սբ. Սարգսի վարքը:

Այդ օրն Արժ. Տեր Հայրը նաև կատարեց Երիտասարդների օրհնության կարգ:

Սուրբ Սարգսի տոնակատարությունները  Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Թող Սուրբ Սարգիս Զորավարը զորավիգ լինի մեր ազգին և բարեխոս լինի մեր սիրելի երիտասարդներին:

Սիրան Սարգսյան

Թեմի լրատվության

բաժնի պատասխանատու

 

Advertisements