Վայոց Ձորի թեմ

ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ. ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՎԵԼԸ

Advertisements

Սուրբ Սարգսի վկայաբանության մեջ ասվում է, որ նրա նահատակությունից հետո, երբ Շապուհը գնում է Հուլիանոսի դեմ կռվելու, հավատացյալներից ոմանք գալիս և վերցնում են Ս. Սարգսի և նրա հետ նահատակված տասնչորս զինվորների մարմինները և պահում «զգուշութեամբ ի պատուական տեղւոջ» (Սոփերք Հայկականք, հտ., ԺԶ, էջ 52)։

Այս խոսքերից երևում է, որ նրանց մարմիններն այդ ժամանակ ոչ թե ամփոփվել, այլ առժամանակ պահվել են։ Վկայաբանությունում այնուհետև ոչինչ չի ասվում, թե որտեղ է ամփոփվել նրա մարմինը և թե հետագայում նրա մասունքներից որը ուր է տարվել։

Վկայաբանության հին խմբագրության մեջ էլ ասվում է, որ նահատակությունից երեք օր անց «առեալ տարան յաշխարհն Հոռոմոց, արարին տապանակ արկղագործ և եդին ի տեղի պատուականի» (Հ.Մ. Ավգերյան, Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հտ. Բ, Վենետիկ, 1811, էջ 57)։

Ազգային ավանդությամբ, սակայն, ասվում է, որ Ս. Մեսրոպը Պարսկահայաստանից բերել է Ս. Սարգսի մասունքները, որոնք ամփոփվել են՝ ի պատիվ սրբի կառուցված Ուշիի և Կարբիի Ս. Սարգիս եկեղեցիներում։ Այս մասին առաջին հիշատակությունը գտնում ենք Ս. Սարգսի շարակնոցային կանոնում, որի հեղինակը դարձյալ Շնորհալին է.

Խաչաչարչար սուրբ դիտապետ,

Նշանագործ անուամբ ի խաչ եւ յեկեղեցի,

Առաւել պայծառ ի գլուխն Գագայ,

Ի գագաթան տեղւոջն օրհնեալ Սրբոյն Մեսրոպայ,

 Երագահաս Սուրբդ Սարգիս, բագնեաց կործանիչ,

Բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց։ 

Շարականների մեկնությանը նվիրված իր նշանավոր աշխատության մեջ Հ.Մ. Ավգեըյանը գրում է, որ այս տողերը պետք է հասկանալ հետևյալ իմաստով. Քրիստոսի խաչով չարչարված սուրբ զորավար, քո անունը թող օգնի բոլոր նրանց, ովքեր քո միջոցով (բարեխոսությամբ) ապավինում են Ս. Խաչին և եկեղեցուն, և առավել զորավոր թող լինի բարեխոսությունը Գագի գագաթին կանգնեցված Ս. Խաչի, որի օրհնությունը կատարել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը(Հ. Գ. Աւետիքեան, Բացատրութիւն շարականաց, Վենետիկ, 1814, էջ 151)։

Այս միտքն առավել հստակ և մանրամասն է արտահայտված ԺԳ դարի աոաջին կեսին ստեղծագործած եկեղեցական նշանավոր մատենագիր Վանական վարդապետի Առաջավորաց բարեկենդանին նվիրված ճառում, ուր ասվում է, որ նահատակությունից հետո Ս. Սարգսի մարմինը տարվեց «ի Համիան քաղաքի, և անտի առեալ Մեսրոպ վարդապետն ատամն մի ի Սրբոյն Սարգսի և տարեալ ի Գագ յերկիրն Վրաց, եդ ի փայտի եւ աւրհնեաց խաչ յանուն Սրբոյն Սարգսի, որ կոչի Գագայ Սուրբ Սարգիս ի պարծանս եւ յաւգնականութիւն հաւատացելոց»։

Այսպիսով, համաձայն այս վկայության, նահատակությունից հետո Ս. Սարգսի մարմինը տարվել է Պարսկաստանի Համիան քաղաքը, ապա այնտեղից Ս.Մեսրոպը տարել է Գագ, ամփոփել մի փայտի մեջ, որն էլ դրել է փայտյա մի խաչում, օրհնել այն և կանգնեցրել Գագի բլրի գագաթին, որն անվանվում է Գագա Ս. Սարգիս։

Գագի Ս. Սարգիս վանքը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղի մոտ։ Տեղանունների բառարանում այս մասին ասվում է. «Գտնվում էր Գագա դաշտում, համանուն լեռան վրա, Գագ բերդի մոտ: Այժմյան Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից մոտ 7 կմ արևելք»(Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, կազմեցին՝ Թ. Խ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, հտ. Ա,  Եր., 1986, էջ 765)։

Այս գյուղը Կոթի է անվանվել, որովհետև, համաձայն ավանդության, «նախկինում խրճիթների երդիկները ծածկվել են կոթով՝ սնամեջ կոճղով», որից էլ գալիս է այս անվանումը» (Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. Դ, կազմեցին՝ Թ. Խ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, Եր., 1988, էջ 80)։

 

Շարունակելի

Հատվածներ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի «Ամենահաս Սուրբ Սարգիս» գրքից

 

Advertisements