Ս. Սարգսի տոնը Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում


Սերը` գերագույն շնորհ մարդուն….

Ս. Սարգսի տոնը Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում

Փետրվարի 11-ին սիրո բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնն է, որն Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը մատուցեց Ս. Սարգիս զորավարի տոնին նվիրված ժամերգություն, որից հետո հանդես եկավ շնորհավորական խոսքով` դիմելով ներկա բոլոր երիտասարդներին, հիշեցնելով Պողոս առաքյալի սիրո օրհներգը. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում… Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է» (գլուխ 13, 1-8,13):

Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցու
Երիտասարդաց միություն

 

Advertisements