Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում


«Տե՛րթող բացվեն  մեր  աչքերը»

(ՄտթԻ 33)

 

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը:

Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն, որին ներկա էին Վայոց ձորի թեմի, Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները, այս տարվա խաչքավոր Հայկ Կարապետյանը տիկնոջ հետ և բազմաթիվ հավատացյալներ:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ, հանդես եկավ հավուր պատշաճի քարոզով:

Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը,  փոխանցեց եկեղեցու այս տարվա խաչքավորի նորապսակ որդուն և նրա հարսնացուին, ովքեր էլ եկեղեցու բակում վառեցին Տյառնընդառաջի  խորհրդանշական խարույկը:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Այնուհետև Երիտասարդաց միության անդամները ներկաներին բաժանեցին Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Այնուհետև Ս. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին հավատացյալներն ու Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի «Արագիլ» կինոթատրոնի բակ, ուր նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր  Հայրը:

Այնուհետև տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որի ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան Ռինդի (գեղ. ղեկավար՝ Դ. Հովհաննիսյան) և Ագարակաձորի (գեղ. ղեկավար՝ Խ. Բաբայան) ազգագրական պարի համույթների սաները, Եղեգնաձորի մշակույթի տան դհոլահարների անսամբլի սաները և անհատ կատարողներ, իսկ թեմի Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Տյառնընդառաջի խորհուրդը և տոնի հետ կապված տարբեր տեղեկություններ:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Միջոցառման ընթացքում ազգագրական պարի խմբի սաները ներկաներին բաժանեցին գաթա, հալվա և աղանձ:

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Երեկոյան խինդն ու ջերմությունը կրկնապատկվեցին, երբ հանդես եկան «Հայ ֆայր» պարի խմբի անդամները: Կրակներով նրանց պարային յուրովի կատարումներն առավել հատկանշական էին Տյառնընդառաջի տոնին:

Ազգային երգ ու պարով և հայրենասիրությամբ լեցուն այս գեղեցիկ միջոցառման ողջ ընթացքում տիրում էր բարձր տրամադրություն, իսկ ելույթ ունեցողների կատարումները հանդիսատեսի բուռն ծափողջյուններին էին արժանանում:

Կազմակերպիչները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել Տյառնընդառաջին նվիրված արարողություններին, ուստի նրանց աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

Միջոցառումը կազմակերպվել էր Վայոց ձորի թեմի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգանձորի մշակույթի կենտրոնի, Եղեգնաձորի քաղաքապետարանի և Եղեգնաձորի Քաղաքացիական-Երիտասարդական Կենտրոնի կողմից:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։ Փետրվարի 14-ին Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ:

Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Տյառնընդառաջի տոնական Սբ. Պատարագ:

Սբ. Պատարագի ընթացքում Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Տյառնընդառաջի խորհուրդը:

Այնուհետև Տեր Հայրը կատարեց Նորապսակների օրհնության կարգ` ցանկանալով նորապսակներին ամուր պահել պետության հիմք հանդիսացող սուրբ ընտանիքը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

 

Advertisements