ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ


Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստանում է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից, այսինքն` մեզ հիշեցնում է մարդու` դրախտից արտաքսվելը: Օրվա շարականն այդ դժբախտ դրվագի պաղատախառը եղերերգությունն է:

Դու, ով Տեր, նախ դրախտում հաստատեցիր

Պահքի սուրբ օրենքը,

Որը մեր նախածնողները չպահեցին

Եվ արգելված պտուղն ճաշակելով`

Ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:

Ուստի շնորհի՛ր մեզ, Տեր, որ ճաշակենք

Քո պատվիրանների քաղցրությունը:

Թշնամին զանազան մեղքի վերքեր

Բացեց մեր հոգիների մեջ.

Բազմաթիվ հիվանդությունների մեջ ընկանք.

Եվ կարոտ մնացինք Մարդասերիդ,

Որ մեր ցավերը վերցնես:

Ուստի բժկի′ր մեզ, Քրիստո′ս,

Որպես մարդասեր:

Գալով շարականի ակնարկած աստվածաշնչյան դեպքին, հակառակ այն իրողության, որ գրեթե ամեն ոք ծանոթ պիտի լինի այդ հեքիաթանման պատմությանը, մենք ավելորդ չպիտի նկատենք հատկապես Մեծ պահքի այս օրերին մեկ անգամ ևս այն կարդալ` աստվածաշնչյան բնագրի պարզության մեջ:

Արարիչն Աստված երբ Իր ստեղծած մարդուն դրեց դրախտում, նրան հետևյալ պատվերը տվեց.<<Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես…

Եվ օձն Աստծո ստեղծած կենդանիներից ամենախորամանկն էր: Օձը մոտեցավ կնոջը և ասաց.

-Իրա՞վ է, որ Աստված ասաց, թե  դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չպետք է ուտեք:

-Դրախտի բոլոր ծառերի պտուղներից կարող ենք ուտել,-պատասխանեց կինը,- բայց Աստված ասաց, որ դրախտի մեջտեղում գտնվող ծառի պտուղից չուտենք և նրան չմոտենանք, որպեսզի չմեռնենք:

-Վստահ եղեք, որ չեք մեռնի,- ասաց օձը կնոջը,-Աստված այդ պատվերը ձեզ տվեց, որովհետև գիտեր, որ այն օրը, երբ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք` ճանաչելով բարին ու չարը:

Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղն ախորժաբեր ու աչքին շատ հաճելի է և ցանկալի` մարդուն իմաստուն դարձնելու համար, առավ նրա պտղից և կերավ, տվեց նաև իր ամուսնուն, և նա էլ կերավ: Այն ժամանակ երկուսի աչքերն էլ բացվեցին, և հասկացան, որ մերկ են: Ուստի թզենու տերևները միմյանց կապեցին և իրենց համար ծածկույթ սարքեցին:

Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ երեկոյան դեմ դրախտում քայլում էր, և Ադամն ու Եվան Աստծո ներկայությունից պահվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված Ադամին կանչեց.

-Ո՞ւր ես:

Եվ նա ասաց.

-Քո ձայնը դրախտում լսեցի և վախեցա, քանզի մերկ էի և ծածկվեցի:

-Ո՞վ ասաց քեզ, որ մերկ ես,-հարցրեց Աստված:-Արդյոք այն ծառի՞ց կերար, որից պատվիրեցի, որ չուտես:

-Կինը, ում ինձ տվեցիր, կերավ այդ պտղից,-ասաց Ադամը:

_Այս ի՞նչ արեցիր,- կնոջն ասաց Աստված:

-Օձն ինձ խաբեց, և կերա,- ասաց կինը:

Եվ Աստված անիծեց օձին, անիծեց կնոջն ու անիծեց տղամարդուն: Նրանց համար նախապես բնական սովորույթները` սողալ, ծնել, աշխատել, հանկարծ վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև և ապա` բնության ու մարդու միջև: Բանական և անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը` գազաններին և գազանները մարդուն թշնամի դարձան: Բնության ամենից հրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի: Եվ բոլոր այս դժբախտություններն իրենց լրումին հասան, երբ << Տեր Աստված եդեմական դրախտից դուրս հանեց ու արտաքսեց մարդուն` մշակելու հողը, որից նա ստեղծված էր…>>(Ծննդ. Բ 16-24):

Ադամ-Եվայի պատմությունը յուրաքանչյուրիս պատմությունն է, դժբախտաբար, հավերժորեն կրկնվող և մշտնջենապես ներկա: Մարդկանցից ո՞վ չի ունեցել իր փորձության ժամերը` ճիշտ Ադամի և Եվայի նման: Ո՞վ չի հրապուրվել <<արգելված պտղի>> տեսքով, ո՞վ իր նմանների կամ իր ներաշխարհի ձայնը չի լսել.<<Մի վախեցիր, կեր, կհասունանաս, կիմաստնանաս,աչքերդ կբացվեն, կմեծանաս, փորձառություն ձեռք կբերես>> և տակավին սրանց նման հազար ու մի փսփսուքներ: Ո՞վ իր ձեռքն <<արգելված պտղին>> չի երկարել, և, վերջապես, ո՞վ այն նաև ուրիշներին չի տվել… Ո՞ր մեղքն իր կամավոր կամ ակամա մեղսակիցները չի ունեցել: Continue reading

Advertisements