Գրական ցերեկույթ՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակին


Օրերս Վայոց ձորի մարզային գրադարանի մանկական բաժինն անցկացրեց հերթական դասական և գեղեցիկ գրական ցերեկույթը` նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140 –ամյակին:

Ներկա էին Վայոց ձորի մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, գրադարանի աշխատակիցները, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Բացման խոսքով հանդես եկավ միջոցառման կազմակերպիչը՝ մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանը, ով շնորհավորեց ներկաներին, ապա ամփոփ ներկայացրեց Դ. Դեմիրճյանի կյանքը, գործունեությունը, արվեստի ու գրականության մեջ ունեցած նրա մեծ ներդրումը:

Միջոցառմանը մասնակցում էին գրադարանի ակտիվ ընթերցողները, ովքեր  ներկայացրին Դ. Դեմիրճյանի մասին կենսագրական հետաքրքիր փաստեր, ինչպես նաև՝ մեծ գրողի երաժշտական և նկարչական ընդունակությունների մասին տեղեկություններ:

Ինչպես գիտենք, գրողը բացառիկ վերաբերմունք ուներ ջութակի նկատմամբ և պատահական չէր, որ  ջութակի հանդեպ ունեցած մեծ սերն ու ջերմ  զգացողությունն էր Դեմիրճյանին մղել ստեղծելու իր հայտնի գործերից մեկը՝ «Ջութակը և սրինգը» պատմվածքը:

Ահա ցերեկույթի ընթացքում ջութակի նվագակցությամբ հնչեց գրողի սիրելի կոմպոզիտորի՝ Վոլֆգանգ Ամադեուս  Մոցարտի  ստեղծագործություներից մեկը:

Ցուցադրվեցին գրողի մասին պատմող հետաքրքիր տեսանյութեր և «Պույ-պույ մկնիկը» մուլտֆիլմը:

Նշենք, որ միջոցառումը գեղեցիկ և մտերմիկ միջավայր էր ստեղծել՝ մասնակիցներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:

Կազմակերպվել էր նաև գրքերի ցուցահանդես, որտեղ ներկայացվել էր Դ.Դեմիրճյանի ստեղծագործությունները, թարգմանությունները և ասույթներ ու գրքեր նրա մասին:

Այս հետաքրքիր ու բովանդակալից միջոցառման ավարտին իր շնորհավորական խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը:

Այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչների աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements