Միջինք. Ուսուցչաց հավաք Վայոց Ձորի թեմում


Մեծ Պահքի շրջանի Միջինքի ժամանակատվածն է, ինչը կիսում է Մեծ Պահքը:

Այսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում  կատարվեց Արևագալի ժամերգություն:

Այնուհետև թեմի առաջնորդարանում, նախագահությամբ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջանների դպրոցների հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հանդիպումը, որը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց Ձորի թեմի պատասխանատուներ Հայարփի Աղախանյանը և Գայանե Կարապետյանը:

Միասնական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը բանախոսեց «Մեծ Պահք» թեմայով:

Տեր Հայրը ներկայացրեց Մեծ Պահքի խորհուրդը, խոսեց Մեծ Պահքի յոթ կիրակիների՝ Բուն բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի մասին:

Բանախոսությունից հետո Արժանապատիվ Տեր Հայրը պատասխանեց ուսուցիչների կողմից բարձրացված բոլոր հարցերին:

Այնուհետև ՔԴԿ-ի պատասխանատուները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, խոսեցին հայոց եկեղեցու պատմության օլիմպիադայի արդյունքների, դասալսումների, դպրոցներում կազմակերպված միջոցառումների և այլնի մասին:

Այնուհետև թեմի Երիտասարդաց միության պատասխանաու  Ա. Ստեփանյանն  իր շնորհակալությունը հայտնեց ուսուցիչներին՝ «Նամակ զինվորին» ծրագրին և Ս. Հարության տոնին կազմակերպված ածիկների մրցույթին ակտիվորեն մասնակցելու համար, ապա ասաց, որ այս տարի այս ծրագրերը նույնպես իրականացվելու են:

Այնուհետև ելույթ ունեցավ Վայոց Ձորի թեմի Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց «Նամակ զինվորին» ծրագրի կազմակերպիչներին և ուսուցիչներին, ապա ասաց, որ  աշակերտների նամակները հաճելի անակնկալ էր զինվորների համար, դրանք շատ հուզիչ էին:

«Ոմանք նամակներին կցել էին փոքրիկ հուշանվերներ, ոմանք էլ իրենց հեռախոսահամարներն էին գրել՝ զինվորների հետ կապ հաստատելու և ընկերանալու հույսով: Դատելով զինվորների արձագանքից՝ նախաձեռնությունը հաջողված էր: Նմանատիպ նախաձեռնությունները շատ կարևոր են և զինվորներին գոտեպնդում են, ոգևորում և մարտունակությունը բարձրացնում»,– ասաց Արսեն սարկավագը:

ՔԴԿ-ի տ/շ-ի  պատասխանատուները պատրաստել էին միջինքի բաղարջը, որը սեմինարի ավարտին կտրեցին և հյուրասիրեցին ուսուցիչներին:

Վերջում ուսուցիչները Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում  մասնակցեցին Խաղաղական ժամերգությանն ու Խոկման արարողությանը, որի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements