Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում նշեցին Միջինքը


 

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի և Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ նշվեց Մեծ Պահքի Միջինքը:

Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը,  Վայոց Ձորի թեմի Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՔԴԻ-ի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը, Վայոց Ձորի թեմի աշխատակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Համատեղ աղոթքից հետո Արժանապատիվ Տ. Հայրը ողջունեց ներկաներին և օրհնեց տոնական սեղանը, ապա խոսեց Մեծ Պահքի խորհրդի, Միջինքի, ինչպես նաև Ավագ Շաբաթվա մասին:

Այնուհետև սկսվեց աշակերտների պատրաստած գեղեցիկ միջոցառումը, որի ընթացքում երեխաները ներկայացրին Միջինքի խորհուրդը, խոսեցին Միջինքի ավանդական ուտեստներից մեկի՝ Միջինքի գաթայի մասին:

Դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտները հանդես եկան ազգագրական երգ ու պարով՝ ստեղծելով գեղեցիկ և մտերմիկ միջավայր և մասնակիցներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:

Ներկաների համար միջոցառման կազմակերպիչների ջանքերով աշակերտների մասնակցությամբ բեմադրվեց Հ. Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը:

Ներկաները մեծ խանդավառությամբ ընդունեցին խոսող տիկնիկներին և ուրախությամբ ու ոգևորությամբ դիտեցին բեմականացված հեքիաթը:

Վերջում Տեր Վազգենը կտրեց Միջինքի գաթան, ապա իր գնահատանքը բերեց կազմակերպիչներին՝ թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանին, հայոց եկեղեցու պատմության ուսուցչիներ Եսենիա Բայաթյանին և Նարինե Գրիգորյանին, որոնց ջանքերով տոնվում են ազգային-եկեղեցական տոները՝ փորձելով վերականգնել և հանրայնացնել ժողովրդական ավանդույթները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements