ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ


ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ

Այս կիրակիի հիմքում ավետարանական համապատասխան ընթերցվածն է: Ավետարանը պատմում է. քաղաքներից մեկում ապրում էր մի դատավոր, որն Աստծուց չէր վախենում ու մարդկանցից էլ չէր ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին:

Այսօր հիշվում է նաեւ մի ուրիշ առակ: Մի փարիսեցի ու մի մաքսավոր աղոթում էին տաճարում: «Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները…, ինչպես այս մաքսավորը,- ասում է փարիսեցին, իսկ մաքսավորն աղոթում է, ասելով. «Աստված ներիր ինձ, մեղավորիսե: Այս երկու առակները տարբեր կերպերով ուսուցանում են աղոթքի նշանակությունն ու պարզորոշ բացատրում, թե որ աղոթքն է Աստծուն ընդունելի:

Այրի կինը, թեեւ տեսավ, որ դատավորն անիրավ է՝ արդարամիտ չէ իր պաշտոնում, սակայն չհուսահատվեց: Կինը հավատում էր աստվածային արդարամտությանը, դրա համար էլ չդադարեց դատավորի դուռը թակելուց, հաստատականորեն պայքարեց իր դատի, ասել է թե բարու հաղթանակի համար:

Անշուշտ, ամեն քրիստոնյայի համար կարեւորագույն խնդիր է բարու հաղթանակը: Իսկ այդ հաղթանակի համար նրա պայքարի ձեւերից մեկն էլ, անշուշտ, աղոթքն է: Ահա այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Երբ Աստծուն ուղղված մեր խնդրանքներն ու աղաչանքները շուտափույթ լսելի չեն դառնում, գուցե թե մեզանից շատերը հուսալքվում են ու դադարեցնում աղոթքը, մինչդեռ, ինչպես մեր հոգեւոր հայրերից մեկն է ասում. «Աստված հաճախ ուշացնում է մեր աղոթքներին պատասխանել,որպեսզի մեր բարի փափագներն ավելի զորանան ու արմատավորվենե:

Երկրորդ առակն ասվածի հաստատումն ու լրումն է:

Տեսանք աղոթքի կանգնած երկու անձանց՝ փարիսեցուն եւ մաքսավորին, մեկն ինքնավստահ ու շատախոս, մյուսը՝ խոնարհ ու աստվածավախ: Առակը պատմելուց հետո Հիսուս ինքը, լինելով նրանց աղոթքով խնդրածը կատարողը, ասաց, որ ոչ թե փարիսեցին, այլ մաքսավորը տաճարից հեռացավ արդարացված:

Ուրեմն եկեք Մեծ պահքի այս օրերն էլ ավելի նպատակամետ դարձնենք, ի թիվս մյուսների, հետեւելով նաեւ այս առակների խորհրդին:

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements