ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ


Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ.Ամէն:

<<Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ>>:
(Ղուկաս 1:35)

ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻԵվ աստվածային այս զորությամբ` Սուրբ Կույսից պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը: Ահա այս ավետիսն է տալիս Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին, և այս հրաշալի իրողությանն է նվիրված Ավետման տոնը:
Մարիամ Աստվածածնի կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Աստվածաշունչ մատյանից գիտենք, որ նա Աննայի և Հովակիմի դուստրն էր: Հայրը Դավիթ մարգարեի սերնդից էր, իսկ մայրը` ղևտացիների: Նրա ծնողներն արդեն շատ ծեր էին, բայց ամուլ էին, անզավակ: Հաճախ, պատմում է ավանդությունը, նրանք աղոթում էին Տիրոջը, որ զավակ ունենան: Աստված լսում է նրանց աղոթքը և պարգևում մի աղջիկ, որի անունը Մարիամ են դնում: Մարիամը մատաղ հասակից աչքի է ընկնում իր առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, իր հավատքով, Աստծու հանդեպ ունեցած նվիրումով: Այդ տարիքից նա ընծայվում է տաճարին, որից հետո նշանվում և ամուսնանում է Հովսեփի հետ: Նրանք ապրում էին Հրեաստանի Նազարեթ քաղաքում: Եվ ահա, երբ Մարիամն իր ամենօրյա աղոթքն էր առաքում Տիրոջը, Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և ավետում աշխարհի մխիթարության և հույսի, մարդկանց փրկության` Լույսի ծննդյան մասին, որ ինքը` Մարիամը պիտի աշխարհ բերեր, նա պիտի աստվածային սիրո սերմը կրեր իր մեջ և պտղաբերեր աստվածային գութի ծաղիկը: Ավետարանը նկարագրում է, որ Մարիամը նրան (հրեշտակին) տեսնելով, նրա խոսքերից շփոթվեց: Նա մտածեց` արդյոք ինքը արժանի˚ է այդ գերագույն պատվին, մի պահ թուլացավ, սակայն Արարիչ Աստված Մարիամին խորհելու ազատություն շնորհեց, որպեսզի ինքն իր նվիրական հավատով ընկալի աստվածային այս հրաշք եղելությունը: Ճիշտ է նկատել Լամարթինը.<<Երկյուղածների ազատությունը ուժեղների փառքն է>>:
Մարիամն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն` ընդունելու երկնային առաջարկը և մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր Զավակի: Մարիամն եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի և բնակարանը Աստծու: Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով: Continue reading