Ավագ հինգշաբթիին Վայոց ձորի թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ոտնլվայի և Տիրոջ Խաչելության ու Խավարման կարգերը:
Ավագ Հինգշաբթիի արարողություններն սկսվեցին Ս. և Անմահ Պատարագներով: Ավագ երկուշաբթիից–Ավագ հինգշաբթի Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:
Ավագ հինգշաբթիին Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի երգչախմբի ղեկավար և արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանի հոգու հանգստության համար:
Նույն օրը՝ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Օրվա աղոթքներից, ընթերցվածքներից հետո ջուրը և կարագը օրհնելուց հետո` ի խորհրդանշումը Տիրոջ առաքյալների ոտնլվային, Տեր Հայրն օրհնված ջրով լվաց աշակերտների ոտքերը: Այնուհետև Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Արարողության վերջում բաժանվեց օրհնված յուղը:
Երեկոյան սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում Խաչի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու