Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


Արդեն  ավանդույթ է դարձել Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի Թաղման հիշատակության կարգից հետո Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր երաժշտության համերգ կազմակերպել հավատացյալների համար:

Սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հոգևոր երաժշտության նշանակության մասին խոսելով՝ բարձր գնահատեց Ս. Աստվածածին երգչախմբի գործունեությունը և շնորհակալություն հայտնեց երգչախմբի ղեկավար տիկին Մարո Սիմոնյանին՝ եկեղեցական և թեմական կյանքից ներս ունեցած իր մեծ մշակութային վաստակի համար:

Այս խորհրդավոր և հուզիչ երեկոյի ընթացքում Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, շարականներ և հոգևոր երաժշտության արևմտաեվրոպական դասականներից կատարումներ:

Եկեղեցում ստեղծվել էր մտերմիկ միջավայր՝ ներկաներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:

Հոգևոր երգերի հրաշալի կատարումներն ընդմիջվում էին Զաքարիա սարկավագ Թադևոսյանի՝ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի հատվածների ընթերցումներով:

Այս գեղեցիկ միջոցառումը եզրափակվեց Տերունական աղոթքով:

Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում

Այնուհետև ելույթ ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն, Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի գեղ. ղեկավար Մարո Սիմոնյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց երգչախմբի անդամներին և բոլոր ներկաներին:

Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում

Երախտիքի խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, իսկ երեկոյի ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով և յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ դրական էմոցիաներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements