Վաղը Սբ. Հարության տոնն է


«Ուր է մահքո հաղթությունը,

գերեզման, ուր է քո խայթոցը»:

Ովսեի մարգարեության այս ցնծագին բառերը ազդարարում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ճրագալույցի Պատարագով՝ մեծ ցնծությամբ ավետում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Իսկ ինչ է ճրագալույցը: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 2 մեծագույն՝ Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոների նախօրեին, երեկոյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ: Իսկ ճրագալույց բաոը նշանակում է ճրագ լցնել, վաոել: Հնում, մեծագույն տոների նախօրեին, ավելի հանդիսավոր նշելու համար տոնը, եկեղեցին առավել էր զարդարված լինում լույսերով, ճրագներով, հավատացյալները լույսերով էին դիմավորում Տիրոջ հրաշափառ ծնունդն ու հարությունը:

40-օրյա աղոթքի, խոկման եւ պահեցողության երկար ճանապարհը մեզ աոաջնորդեց դեպի Քրիստոսի Հարության լույսը, ինչպես ձմեռային ցուրտ եւ մութ օրերին հաջորդում է գարնանային բնության վերազարթոնքը: Ողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն տոն է Տիրոջ Հարության տոնը, որ նոր կյանքի ու օրերի հույսով է վերանորոգում յուրաքանչյուրիս հոգին: Հույս, որ ջնջում է մեր մեջ տկար մտածողության պատճառով ի հայտ եկած ամեն կասկած, ամեն շփոթմունք եւ պայծառակերպում է մեր սրտերում երկնային արքայության իրականանալի գաղափարը: Այստեղ տեղին է հիշատակել Օգոստիոնոսի եւ Պողոս առաքյալի խոսքերը.
Օգոստիոնոս.«Միայն քրիստոնյաներն են հավատում մեռելներից հարություն առնելուն, այդ հավատը քրիստոնյային… զատում է մյուս բոլոր մարդկանցից…»: Պողոս առաքյալ. «Տանջանքը ոչինչ է այն երանության հետ, որ մեզ պետք է հայտնվի»:
Հարության օրը փրկության, նոր կյանքի եւ երկնքի արքայությանն արժանանալու քրիստոնյայի գերագույն հույսի ու բաղձանքի օրն է:
Հիսուս Քրիստոսի հարության իրողությունը մեզ է փոխանցում Սուրբ Գիրքը, ուսուցանելով մեզ, որ միայն ճշմարիտ քրիստոնյան, միայն ճշմարիտ հավատացյալը կարող է վերապրել Տիրոջ հարությունը եւ Տիրոջ հետ հառնել դեպի հավիտենական կյանք, դեպի երկնքի արքայություն: Թաղումից 3 օր անց, երբ Հիսուս դժոխքից ազատեց շատ հոգիների, իսկ ինքն արդեն Երկնքի Արքայության մեջ էր, գերեզման եկող կանանց հրեշտակներն ասացին. «Այստեղ չէ նա, այլ Հարություն առավ»:
Դարեր են անցել այս մեծահրաշ իրողությունից եւ այն չի դադարել հոգեւոր զվարթության եւ կյանքի ուղենիշ լինել մեզ համար: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական հավատքի ոսկե աղբյուրն է ու գրավականը: Եթե Քրիստոս, աշխարհի Փրկիչը, մնար այն անարգանքի եւ չարչարանքների մեջ, որին ենթարկվեց, եթե նա մոռացվեր գերեզմանի մեջ, ապա անիմաստ պիտի լիներ երկնքի թագավորության մասին ողջ քարոզչությունը:
Մարդիկ Հիսուսի անձնազոհությունը պիտի ըմբռնեին, բայց այդպես չեղավ: Հիսուսի երկրային կյանքը ավարտվեց ոչ թե պարտությամբ, այլ հավիտենական հաղթանակով՝ մահվանը հաղթելով հարությամբ: Այդ հաղթանակ էր չարի, մեղքի, մահվան դեմ: Եթե մենք՝ յուրաքանչյուրս, չկարողանանք թափանցել հարության իրողության խորքը, ապա խավարած կտեսնենք մեր հոգեւոր բարոյական նկարագիրը, անարդյունք՝ մեր կյանքը, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Եթե  Քրիստոս  Հարություն  չի առել, իզուր է մեր քարոզչությունը,  իզուր  է  եւ  ձեր  հավատքը  եւ  տակավին  նույն  մեղքերի  մեջ  ենք»:
Հիսուսի Հարությունը նրա երկրային կյանքում գործած ամենամեծ հրաշքն էր: Այդ իրողությունը մեր հավատքի հիմքն է, քրիստոնեական գաղափարախոսության առանցքը:
Սիրելիներ, Քրիստոսի Հարությունը ոչ միայն պատմական դեպք է, որ ունեցել է իր ականատեսներն ու վկաները, այլ նաեւ խորհուրդ է, որ իր մեջ բովանդակում է անիմանալի հոգեկան մեծ ներուժ, զորություն, որը մարդու մեջ նոր եւ առաջադեմ կյանքի ձգտում է արթնացնում: Քրիստոնեությունը դավանանքի եւ ծեսի կրոն չէ միայն, այլ նոր կյանքի ավետաբերն է՝ դավանանքի, ծեսի, բարոյական սկզբունքի միջոցով արտահայտված, որը իրականացավ եւ վավերացվեց Քրիստոսի հարությամբ: Քրիստոսի հարությունը նաեւ խորհրդանիշն է կյանքի վերափոխության, նորոգության: Հաղորդ լինել Հարության խորհուրդին՝ նշանակում է մեղքից եւ ապականությունից մաքրվել, վեր բարձրանալ եւ ձգտել սրբության ու կատարելության, մոտենալ Աստծուն, այսինքն, դրականապես վերափոխվել: Ահա այդ վերափոխության խորհուրդն ունի նաեւ Հիսուսի հարության մեծահրաշ զորությունը:
Մաղթում եմ բոլորիդ Տիրոջ այս զորությամբ լուսավորված կյանք: Տիրոջ հարության լույսը թող լուսավորի ձեր կյանքի ճանապարհը, եւ դուք, հավատով ու վստահությամբ առլեցուն, կրկնեք Ովսե մարգարեի խոսքը.  «Ուր  է  մահ,  քո  հաղթությունը,  գերեզման,  ուր է քո  խայթոցը»  եւ ողջունենք  միմյանցասելով.

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

 Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի:

Տեր Զարեհ վրդԿաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements