Զատկական տոնակատարություն Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում


Քրիստոս յարեաւ ի մեռելոց.

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի

Ս. Հարության տոնի օրը Մալիշկա համայնքի Ս. Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Զատկի տոնին նվիրված արարողություններ:

Տեր Հայրն օրհնեց զատկական հավկիթները, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Տեր Վազգենը ներկայացրեց Սուրբ Հարության տոնի խորհուրդը, ապա  բոլորի անունից իր շնորհակալությունը հայտնեց եկեղեցու այս տարվա խաչքավոր Արսեն Մաթևոսյանին և նախորդ տարիների խաչքավորներին՝ եկեղեցական արարողություններին աջակցելու համար, ինչպես նաև շնորհավորեց եկեղեցու բարերար Արա Արշավիրի Աբրահամյանին ծննդյան օրվա առիթով՝ մաղթելով, որ նրա բոլոր ազգանվեր և եկեղեցաշեն ծրագրերն Ամենակալ Աստված ի կատար ածի:

Արարողությանը ներկա էին եկեղեցու այս տարվա խաչքավոր Արսեն Մաթևոսյանը, նախորդ տարիների խաչքավորներ Սամվել Սարգսյանը և Արմեն Մաթևոսյանը:

Ս. Աննա եկեղեցին լեփլեցուն էր բազմաթիվ փոքրիկներով, աշակերտներով և համայնքի բնակիչներով, ինչը շատ ողջունելի էր:

Արարողության ավարտին ներկաներին բաժանվեցին այս տարվա խաչքավորի կողմից պատրաստված Հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ հանդիսացող կարմիր ներկված հավկիթներ և լավաշ:

Այնուհետև եկեղեցու բակում տոնին նվիրված գեղեցիկ միջոցառմամբ հանդես եկան Մալիշկա համայնքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների սաները, որոնց ելույթները հիացրին ներկաներին՝ պարգևելով բազմաթիվ հուզմունքի պահեր:

Փոքրիկների տոնական հագուստները, խելացի ու իմաստավորված մտքերը հրճվանքով ու մի նոր ջերմությամբ լցրին սիրելի մայրիկների և բոլոր ներկաների սրտերը:

Տոնական տրամադրություն էր թևածում Սուրբ Աննա եկեղեցում…

Վերջում Տեր Վազգենն իր գնահատանքը բերեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին, ովքեր ամեն  տարի եկեղեցում նշում են ազգային-եկեղեցական տոները՝ փորձելով վերականգնել և հանրայնացնել ժողովրդական ավանդույթները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements