Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա  առթիվ մարզում կազմակերպված շաբաթօրյակների ամփոփումը Զորաց տաճարում


Ապրիլի 18-ն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:

Պատմական բոլոր հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցների, Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցների, ուսումնական մյուս հաստատությունների, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Արդեն ավանդույթ է դարձել օրվա խորհրդին նվիրված աշխատանքներն ամփոփել Եղեգիս համայնքում գտնվող Զորաց տաճարում, որի հազվագյուտ ձևը որոշ ուսումնասիրողների ենթադրել է տվել, որ այն նախատեսված է եղել պատերազմ մեկնող զորքերի համար.  այստեղից էլ նրան տրված   «զորաց» անվանումը: Զորաց տաճարի մասին կարդալ այստեղ:

Զորաց տաճարում միջոցառում էր  կազմակերպվել ՊՄՊ  Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի նախաձեռնությամբ: Հրավիրված էին Վայոց ձորի աշխարհիկ, հոգևոր և զինվորական դասի ներկայացուցիչներ:

Ներկա էին շրջակա համայնքների համայնքապետեր, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և աշակերտներ:

Միջոցառումն սկսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը՝ <<Հայր մեր>>-ով և <<Պահպանիչ>> աղոթքով:

Այնուհետև Արժանապատիվ Տեր Հայրն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին՝ ասելով, որ ամեն մեկի ուշադրության և հոգածության կարևորությունը պետք է լինի մեր եկեղեցիների, վանքերի բերդերի, խաչքարերի, կամուրջների պահպանությունը:

«Դարերի խորքից մեզ ժառանգություն հասած Վայոց ձորի մշակութային այդ անձեռակերտ կոթողները, որոնք սփռված են ամենուր` եկեղեցու, տաճարի, խաչքարի կամ տապանաքարի տեսքով, իրապես հիացնում են Վայոց ձոր այցելող զբոսաշրջիկներին: Յուրաքանչյուրիս պարտքն է պահել ու հաջորդ սերունդներին անխաթար փոխանցել այս գանձերը», – իր խոսքում ասել է ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը:

«Մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը» թեմայով զեկուցումով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը` իր խոսքում կարևորելով մարզի զբոսաշրջային գրավչությունը:

Ա. Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասաց.«Եղեգիսի կիրճը և հարակից տարածքները պատմականորեն պահպանված և մինչև մեզ հասած Մետաքսի ճանապարհի մի մասն են՝ պատմական հատված, որն աչքի է ընկնում 2 քարավանատներով՝ «Սելիմև «Սելիմ 2»: Այս տարածքում են գտնվում պատմական արժեք ներկայացնող 30-ից ավելի եզակի հուշարձաններ` բերդեր՝ Սմբատաբերդը, Կալասարի բերդը, Գագկաբերդը, Պռոշաբերդը, Կապույտ բերդը, Էրթիչ բերդը, Չեսար Օրբելյանի պալատը, հրեական բնակատեղին և գերեզմանոցը, Օրբելյանների ընտանեկան գերեզմանատունը, 2000-ից ավելի ժայռապատկերների դաշտ Հուսո սարում, բազմաթիվ եկեղեցիներ, ինչպիսիք են Ցախաց քարի վանական համալիրը, Արատեսի վանական համալիրը, Զորաց տաճարը, բազմաթիվ խաչքարեր, Եղեգիս մայրաքաղաքի ավերակները, որը 9-րդ դարից սկսած համարվել է Սյունյաց գահերեց իշխանների նստավայրը…»:

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են նաև «Հուշարձանները մանուկների աչքերով» մրցույթի լավագույն մասնակիցների նկարած աշխատանքներին, որոնք նույն օրը ցուցադրվել են եկեղեցու բակում:

Գետափ համայնքի ազգային պարերի համույթը և Եղեգիսի դպրոցի շնորհալի սաները հանդես են եկել գեղեցիկ կատարումներով՝ ներկաներին պարգևելով բազմաթիվ հիացմունքի և հուզմունքի պահեր:

Տոնական տրամադրություն էր թևածում Զորաց տաճարում…

Միջոցառման ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի անունից շնորհակալագրեր ու պատվոգրեր են հանձնվել միջոցառումների կազմակերպիչներին, այդ թվում նաև ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի պատասխանատուներին: Մարզային ծառայության կողմից էլ հուշանվերներ են հանձնվել ժամկետային զինծառայողներին և Արտաբույնքի համայնքապետին:

Բաց դասեր, հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են անցկացվել նաև «Գլաձորի համալասարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ:

Թանահատի վանական համալիրի տարածքում իրականացված շաբաթօրյակի աշխատանքներին զուգահեռ` արգելոց-թանգարանի աշխատակիցները դպրոցականներին պատմել են վանական համալիրի և մարզի այլ հուշարձանների մասին:

Վայոց ձորի մշակութային արժեքները մեզ են հասել` իրենց վրա կրելով պատմության ու բնության հարվածներն ու ժամանակի հասցրած վնասները: Այսօր այդ գոհարները մեր, հատկապես դպրոցականների հոգատար ձեռքի կարիք ունեն: Մեզնից յուրաքանչյուրն այսօր պարտավոր է խնամքով վարվել բոլոր հուշարձաններին, մաքրել շրջապատը, սովորել յուրաքանչյուր հուշարձանի պատմությունը և այդ պատմությանը ծանոթացնել յուրաքանչյուր հայ ընտանիքի, յուրաքանչյուր զբոսաշրջիկի:

Ահա այդպիսի միջոցառումները նպաստում են, որ մենք մեր ազգային արժեքներն աչքի լույսի պես պահենք ու պահպանենք:

 Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

 

Advertisements