Եղեռն և Վերածնունդ


Պատմությունը չեմ կարծեր, թե արձանագրած
ըլլա այդպիսի կոտորած մը…

Չեմ կարծեր, թե որևէ գրիչ կամ բերան կարենա
նկարագրել այն զարհուրելի  նախճիրները,
որոնք տեղի ունեցան 1915 թ.-ին:

(Արքեպիսկոպոս Զ. Եղիայան) 

Պատմությունն ունի իր անսասան կամքը. եղերական 15-ին պիտի հաջորդեր հերոսական 18-ը: Ապա պիտի գային մեր վերածննդի և բուռն ծաղկումի տասնամյակները: Պիտի կառուցվեր այսօրվա Հայաստանը՝ հանուր հայության ոգեղեն և մարմնավոր հայրենիքը, մեր միակն ու անփոխարինելին: Մեր սրբության սրբոցը: Եվ եթե եղեռնից հետո մեր վշտակիր բարեկամները ցավով մտածում էին, թե հազիվ ոտքի կանգնի մի ժողովուրդ, որի գլխով եղեռն է անցել, ապա այսօր միայն կույրերը կարող են աշխարհին ի լուր չբարբառել, թե մահ չունի մի ազգ, որ եղեռն է տեսել, եղեռնից հետո հաղթել է Սարդարապատում և այսօր աշխարհի հետ խոսում է իր սեփական լեզվով և ինքնուրույն ու ինքնատիպ մշակույթի գանձերով:

Տասնամյակներ են անցել եղերական այն օրերից: Վերածննդի ու վերընձյուղման, ծաղկումի ու բարգավաճման տասնամյակներ: Եվ կոտորածից, մահերից ու ավերածություններից հրաշքով փրկված մի բուռ Հայաստանը դարձել է ոչ միայն տեղաբնիկների նորոգ երկիրը,  այլև անցած տասնամյակներում հայրենադարձված զանգվածների երջանիկ օթևանը, աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած ամբողջ հայության հոգու հայրենիքն ու ազգապահության կենսահյութերի հորդաբուխ աղբյուրը։

Եղեռն և Վերածնունդ

Սովորաբար որևէ երկրի զարգացման թափն ակնառու դարձնելու համար համեմատության մեջ են դնում նրա ներկայի և անցյալի որևէ շրջանի վիճակներն արտահայտող ցուցանիշները: Հայաստանի պարագային այդօրինակ համեմատություններն անիմաստ են, որովհետև խորհրդային կարգերի նախօրեին կամ նրանից առաջ, ամենայն հայոց մեծ բանաստեղծի պատկերավոր   վկայությամբ,  այն դարձել էր «զարկված հայրենիք, զրկված հայրենիք», «ողբիհայրենիք, որբիհայրենիք»։

Գյուղական տնտեսությունը քայքայված էր և չէր կերակրում հողի աշխատավորին։ Չկար արդյունաբերություն այս բառի իսկական առումով: Եվ հեռու միջնադարում համալսարաններ ունեցած Հայաստանի լուսատենչ զավակները խարխափում էին խավարի մեջ կամ գիտության իրենց անհագ ծարավը հագեցնում էին Ռուսաստանի ու Եվրոպական մյուս երկրների համալսարաններում։

1910ական թվականներին մեծն Թումանյանը տենչում էր այն օրը, երբ հայ ժողովուրդն իր գլխի վերև կունենա խաղաղ երկինք, և հայոց մտավոր ցրված ուժերը կմեկտեղվեն ու կստեղծեն գիտական մի հաստատություն՝ Հայկական ակադեմիա։ Այսօր Հայաստանի աշխարհահռչակ ակադեմիայի համակարգում գործում են մի քանի տասնյակ ինստիտուտներ, որոնց գիտական վաստակը դուրս է եկել ազգային սահմաններից, գրավել համամիութենական ու համաշխարհային գիտական հասարակայնության համակիր ուշադրությունը։

Հայաստանը մեծ գիտության, առաջադիմական լուսավորության ջահակիրն է։ Նրա բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ համբավավոր համալսարանում ու կոնսերվատորիայում, մանկավարժական, պոլիտեխնիկական, բժշկական և այլ ինստիտուտներում ուսում են առնում հայ ժողովրդի երջանիկ երիտասարդները՝ սփյուռքահայ հայրենակիցների և արտասահմանյան հարյուրավոր այլազգիների հետ միասին։

Այսպիսին է հայ ժողովրդի նոր հայրենիքը։ Հզո ր, երջանիկ ու բարեշեն։

Նրա զավակներն այսօր ամենուրեք աշխարհի հետ խոսում են վաստակած հպարտությամբ՝ որպես հզոր տերերն իրենց երկրի, իրենց բախտի ու ճակատագրի։

Հայաստանի սրտում հիմա լուսաճաճանչ շողում է նրա քաղաքամայր Էրեբունի-Երևանը, Հայոց աշխարհի հին ու նոր մայրաքղաքներից ամենահինն ու ամենանորը, ամենաշքեղն ու ամենահզորը: Եվ Էրեբունի-Երևանի սրտում էլ Ծիծեռնակաբերդի կանաչափառ բարձունքին, աշխարհն ի տես, լուսե երազանքի պես դեպի կապույտ երկինք է միտում հավերժաահուր կոթողը՝ ի հիշատակ անցյալ մեր ողբերգության, ի նշանավորումն շքեղ մեր ծաղկումի և ի փառս վերածնված մեր աշխարհի:

Պատրաստեց Սիրան Սարգսյանը

Advertisements