Հայոց Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ Եղեգնաձորում


Ապրիլի 23-ին Եղեգնաձորում Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի երթ էր նախաձեռնել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, Վայոց ձորի թեմը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը:

Երթի կազմակերպիչների՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի գլխավորությամբ երիտասարդների ջահերով երթն սկսեց Եղեգնաձորի ամֆիթատրոնից և շարժվեց դեպի Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի մոտ:

Տերունական աղոթքից և ՀՀ օրհներգից հետո հնչեցին հոգևոր և ազգային երգեր, ապա Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը խոսքով հանդես եկավ և հրավիրեց երթի մասնակիցներին Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ Խոկման արարողությանը մասնակցելու:

Արարողության սկզբում խոսքով հանդես եկավ Հոգեշնորհ Հայր Սուրբը, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Վազգենը:

Ջահերով երթը եկավ ապացուցելու այն ճշմարտությունը, որ ինչ փորձություններ էլ, որ լինեն, հայ երիտասարդն ուր էլ լինի, տեր է մեր ազգի արդար դատին, զորացած է իր պապերի սուրբ հավատով, սկզբունքային և վճռական ազգային նպատակների իրականացման պայքարի ճանապարհին:

Թող մեր սուրբ նահատակները պահապան լինեն մեզ և բարեխոսեն բոլորիս համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements