«Սատարենք Սատարին» ծրագրի բացումը Եղեգնաձորում


Այսօր՝ ապրիլի 26-ին՝ ժամը 15:00-ին, տեղի ունեցավ «Սատար» Հաշմանդամների Հասարակական Կազմակերպության Վայոց ձորի մարզի, Եղեգնաձորի տարածքային  կենտրոնի   «Սատարենք Սատարին»  ծրագրի  բացման արարողությունը, որին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, «Սատար» ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանը, Եղեգնաձորի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը, Եղեգնաձորի   զինվորական կոմիսար Կարեն Բաբայանը, 4-րդ բանակային կորպուսի բարձրաստիճան սպաներ, ոլորտում գործունեություն ծավալող շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող ազատամարտիկներ և  շահառուններ:

Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը,

ապա ելույթ ունեցավ կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը,

ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա ասաց.«Տարածքային կենտրոնի գործունեւության հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վիճակի բարելավման հարցերով զբաղվելը, ինչպես նաև երիտասարդներին հասարակություն ներգրավելու գործում առաջացած խնդիրների  վերացումը: «Սատարենք Սատարին» ծրագրի նպատակն է Վայոց ձորի մարզում հաշմանդամային սպորտի զարգացումը և տարածումը, մշակութային կյանքի ակտիվացումը: Հաշմանդամություն ունեցող երիտասարդների  ինտեգրման մակարդակի  բարձրացում` տարբեր մշակութային և սպորտային մրցույթների, միջոցառումների միջոցով»:

Տերունական աղոթքից հետո Տեր Վազգենը կատարեց տնօրհնեքի կարգ, ապա ողջունեց ՀԿ-ի անդամներին այս հրաշալի ծրագրի բացման առիթով:

Այնուհետև «Սատարին» սատարելու առաջարկություններով հանդես եկան Վարդան Ավագյանը, Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը:

Ռուսաստանի հայերի միության «Մալիշկա» ասոցիացիայի անդամներ Սամվել Սարգսյանի և Սամվել Խաչատրյանի ֆինանսավորմամբ ՀԿ-ի համար վերջերս  գնվել է նոր դաշնամուր, ապա ստեղծվել է «Հայեր միացեք» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է կենտրոնի ակտիվ կամավոր Սամվել Գրիգորյանը:

Վերոհիշյալ երգչախումբը հայրենասիրական երգերի հրաշալի կատարումներով հանդես եկավ ծրագրի բացման ժամանակ:

Երգչախմբի յուրովի, գեղեցիկ կատարումները հիացրին ներկաներին՝ պարգևելով բազմաթիվ հուզմունքի պահեր, ինչպես նաև ջերմությամբ լցրին բոլորի սրտերը:

Այնուհետև ՀԿ-ի անդամները թենիս խաղացին, որի ավարտին հաղթողները նվերներ ստացան ՀԿ-ի նախագահի կողմից:

Կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել էր ՀԿ-ի անդամ Նարինե Մովսիսյանի կողմից պատրաստված գեղեցիկ աշխատանքները, որոնք հետաքրքրությամբ դիտեցին հոգևոր հայրերը և ներկաները՝ բազմաթիվ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր ուղղելով Նարինեին:

ՀԿ-ի կողմից Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն արժանացել էր շնորհակալագրի՝ աջակցության և ակտիվ համագործակցության համար, որը Տեր Հորը հանձնեց ՀԿ-ի նախագահ Հ. Հունանյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից «Անդրանիկ Օզանյան» մեդալի էր արժանացել Սուրեն Սեդրակի Ավագյանը՝ Ղարաբաղի պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցության համար, որը հանձնեցին ՀԿ-ի նախագահը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Կարեն Բաբայանը:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում շնորհավորեցին ՀԿ-ի ակտիվ կամավոր Դիանա Գրիգորյանին ծննդյան օրվա առիթով:

Ողջունում ենք նման ծրագրի նախաձեռման առթիվ, որը հնարավորություն կտա Վայոց ձորի մարզում հաշմանդամային սպորտի զարգացմանն ու տարածմանը և մշակութային կյանքի ակտիվացմանը, ինչպես նաև նորանոր հաջողություններ ենք ցանկանում ՀԿ-ի անդամների գործունեությանը:

  Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements