Սուրեն Մուրադյանի «Հովհաննես Թումանյան հետ»  գրքի շնորհանդեսը Վայոց ձորի մարզային գրադարանում


 

Օրերս Վայոց ձորի մարզային գրադարանի միջոցառումների սրահում ազգային գրադարանային շաբաթի շրջանակում տեղի ունեցավ Սուրեն Մուրադյանի «Հովհաննես Թումանյան հետ» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էին գրադարանի մանկական բաժնի վարիչ Ջեմմա Մարգարյանը և գրադարանավարներ Գոհար Դանիելյանը ու Տանյա Հայրապետյանը:

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ջեմմա Լևոնյանը, ով ներկաներին ծանոթացնելով շաբաթվա ամբողջ ծրագրին՝ ասաց. «Ազգային գրադարանային շաբաթի նպատակն է վերաիմաստավորել գրքի, գիտելիքի և ընթերցանության դերը, նպաստել գրագետ և տեղեկացված հասարակության ձևավորմանը՝ ի շահ մտավոր արժեքների պահպանման: Գրադարանային շաբաթն այս տարի նվիրված է Հայոց բանակի կայացման 25 ամյակին: Շաբաթվա նպատակն է գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի կարևորմանը»:

Այնուհետև ելույթ ունեցավ Ջ. Մարգարյանը, ով համառոտ ներկայացրեց Ս. Մուրադյանի Հովհաննես Թումանյանին նվիրված գիրքը:

Ներկա էին գրադարանի աշխատողները, ընթերցողներ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:

Միջոցառման ընթացքում Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 7-րդ  դասարանի աշակերտները շատ գեղեցիկ ձևով ներկայացրին վերոհիշյալ գրքի մասին:

Ինչպես գիտենք, ժողովածուն բացվում է Սուրեն Մուրադյանի Հովհաննես Թումանյանին նվիրված բանաստեղծությամբ.

Ուղեկցում ես բոլորին`մանկությունից ծերություն,

Ինքդ մնում ես հավետ Արարատի պես կանգուն:

Հետո թումանյանական մտքի գոհարներն են Սուրեն Մուրադյանի արժևորումով և բանաստեղծական յուրատիպ պոռթկումներով: Սուրեն Մուրադյանի հետ, ընթերցողի հետ Հովհաննես Թումանյանն է իր ողջ հմայքով, Թումանյանի հերոսներն են, Թումանյանի ընտանիքն է: Կողք կողքի Թումանյանի և Մուրադյանի ձեռագրերն են, որոնք միմյանցից հեռու են մոտ 200 տարով, բայց նույն մտահոգությունն ունեն, նույն սերը, նույն բերկրանքը:

Հետո գալիս են թումանյանական բնաբանով Մուրադյանի չափածո ստեղծագործությունները: Շարունակում ենք ընթերցել. գրական տնազներ Հովհաննես Թումանյանի մոտիվներով, Հովհաննես Թումանյան և զորավար Ադրանիկ առնչություններ: Գրքի էջերում է նաև արցախյան գոյամարտը: Նույն բնորոշումներով ու գնահատականով Սուրեն Մուրադյանին և ընթերցողներին ուղեկցում է Թումանյանի արձակը:

Ներկաները հետաքրքրությամբ լսեցին աշակերտներին:

Գրական հաճելի այս մթնոլորտն ընդմիջվում էր գրողի մասին պատմող տեսանյութերով:

Վերջում տնօրեն Ջեմմա Լևոնյանը շնորհավորեց աշակերտներին և գնահատանքի խոսք ասաց կազմակերպիչներին, ինչպես նաև կոչ արեց ներկա մյուս աշակերտներին՝ ակտիվորեն մասնակցելու գրադարանում կազմակերպվող միջոցառումներին և ցանկություն հայտնեց, որ ուսուցիչները հաճախակի կազմակերպեն այցելություն մարզային գրադարան:

Տնօրենը նաև տեղեկացրեց, որ մարզային գրադարանի կողմից կազմակերպվելու է այցելություն Գետափի և Մալիշկայի համայնքային գրադարաններ, տեղի կունենա Գեղամ Սարյանի ծննդյան 115 ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթ, ցուցահանդես՝ «Նուրբ զգացմունքների բանասատեղծը» խորագրով և ցուցահանդես՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի 140 ամյակին:

Միջոցառման ավարտին շնորհակալանքի խոսքով հանդեն եկան նաև ուսուցիչները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements