Նորավանք


Նորավանքը գտնվում է Վայոց Ձորի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի` այն հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարում, երբ այստեղ եղել է Սբ. Փոկաս եկեղեցին: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն, շատ հրաշագործություններ են կատարվել, ու շատ հիվանդներ են բուժվել այդ ջրով: Աղբյուրի առկայությունը չի բացառում, որ այս տեղանքը սրբավայր է եղել նաև հեթանոսական ժամանակներում, երբ լայն տարածում ուներ ջրի պաշտամունքը:

9-րդ դարում այստեղ կառուցվում է Սբ. Կարապետ եկեղեցին: Այն գտնվում է վանքի հարավում: Այդ ժամանակ վանքը կոչվում էր Ավագ կամ Խորաձոր անապատ (Նորավանք է անվանվել 1221-ից): 10-րդ դ. եղել է գրչության կենտրոն: 1105-ին այստեղ են տեղափոխվում Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը և իր եղբայր Համտուն իշխանը: Նրանք վանքի շրջակայքից հեռացնում են աշխարհականներին ու Նորավանքի տիրույթին նշանաքարեր դնում: Ստեփանոս եպիսկոպոսի օրոք` 14-րդ դ. սկզբին, վանքը դառնում է Սյունիքի հոգևոր կենտրոնը:

1216-21-ին իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը կառուցում են Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Սա ներքուստ խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն եկեղեցի է: 1223-61-ին կառուցվել է եկեղեցու գավիթը` գոցվող թաղերով, ինչը եզակի է հայկական նմանատիպ կառույցների համար: 1261-ին Բուրթել իշխանը խաչքար է կանգնեցրել իր մոր` Թամթա խաթունի հիշատակին: 1273-ին Նորավանքում է թաղվել Թավրիզում վախճանված Իշխանաց իշխան Սմբատը, որի գերեզմանի վրա 1275-ին Տարսայիճ իշխանը ճարտարապետ Սիրանեսի ձեռքով կառուցում է Սբ. Գրիգոր եկեղեցի-տապանատունը` Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցուն հյուսիսից կից: 1287-ին Սյունյաց իշխան դարձած Ստեփանոս Օրբելյանը Նորավանքում ավարտել է «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունը, «Ողբ ի կաթողիկե» պոեմը, նրա պատվերով 1302-ին Մոմիկն Ավետարան է նկարազարդել: Ստեփանոս Օրբելյանը թաղվել է վանքի գավթում: Նրան հաջորդած հորեղբոր` Լիպարիտ իշխանի որդի Հովհաննես Օրբելյանի պատվերով Մոմիկը 1321-ին կառուցել է Արենիի Սբ. Աստվածածինը, Նորավանքում խաչքար կերտել, ընդօրինակել բազմաթիվ ձեռագրեր: Սբ. Գրիգոր տապանատուն-եկեղեցում են թաղված նաև Էլիկում, Բուղդա իշխանները: Վանքի տարածքում է թաղված նաև Մոմիկը:

Մոմիկը 1331-1339 թթ. Բուրթել իշխանի պատվերով կառուցում է Սբ. Աստվածածին երկհարկ-եռաստիճան եկեղեցին` Բուրթելաշենը: Այն կառուցված է բաց կարմրավուն քարից: Առաջին հարկը կիսագետնափոր է, արտաքուստ քառանկյունի, ներքուստ խաչաձև: Սա ծառայել է որպես դամբարանատեղի: Մուտքն արևմուտքից է, որն աստիճաններով տանում է դեպի ներքև: Այս մուտքի 2 կողմերից դեպի 2-րդ հարկ են տանում 13-ական քարե աստիճաններ, որոնք կառուցվելու ժամանակ ագուցված են պատի մեջ: Այս հարկը եկեղեցի է, ունի սեղան: Գմբեթը 1840 թ. երկրաշարժից փլվել է, սակայն այժմ վերանորոգված է: Այն սյունազարդ ռոտոնդայով է, որի սյուներին պատկերված են բարձրաքանդակներ: Նրանցից մեկը վրա երկար շորերով և գոտեկապ, թագազարդ մի տղամարդ է. դա եկեղեցին կառուցել տվող Բուրթել իշխանն է` եկեղեցու մանրակերտով, իսկ մյուսը Բեշքեն իշխանն է` պատկերված ողջ հասակով:

Արևելյան պատին Օրբելյան իշխանատան զինանշանն է` մագիլներում եղնիկ բռնած արծիվ: Եկեղեցիներն առանձնանում են իրենց բարձրաքանդակներով: Նորավանքի Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի լուսամուտի բարավորին Հայր Աստծու պատկերաքանդակն է: Կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է` մարդու կերպարանքով, տպավորիչ դիմագծերով, փառահեղ մորուքով, խոշոր, ձվաձև աչքերով, գանգուր մազերով: Աստծո նման պատկերաքանդակը աննախադեպ է, քանի որ Հայր Աստվածը միջնադարում պատկերվել է կամ երկնքից իջած աջ ձեռքի տեսքով, կամ լույսի տեսքով: Աստծո մորուքից ցած Սբ. Հոգին խորհրդանշող աղավնին է, որի կտուցը որպես Աստծո շունչ հպված է Աստծո ձախ ձեռքում գտնվող Ադամի շուրթերին (միայն գլուխն է պատկերված): Աջ կողմում` Հայր Աստծո օրհնող Աջի տակ, խաչված Քրիստոսն է, 2 կողքերին` Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչը: Ներքևում պառկած և ձեռքը դեպի «Խաչելությունը» ուղղած Դանիել մարգարեն է: Աստծուց ձախ սերովբե է պատկերված: Սբ. Աստվածածնի ներքին հարկի ճակատաքարի վրա պատկերված է Աստվածամայրը` բազմած գահույքին, գրկին մանուկ Հիսուսը, կողքերին Գաբրիել և Միքայել հրեշ-տակապետներն են` կիսաբաց թևերով: Վերին հարկի մուտքի ճակատաքարին պատկերված է Հիսուսը` ձախ ձեռքով կրծքին բռնած Ավետարան, կողքերին` Պողոս և Պետրոս առաքյալները:

Բակում կարելի է հանդիպել Մոմիկի կերտած խաչքարերի, որոնք առանձնանում են ասեղնագործ նրբությամբ ու զարդաքանդակների ինքնատիպությամբ: Հիշարժան է Նորավանքում գտնվող նրա խաչքարը, որի ճակատը 2 գեղեցիկ ձևավորված սյուներով բաժանվում է 3 մասի, կենտրոնում լրիվ խորան է, ուր գահույքին բազմած է Քրիստոսը, ձախ ձեռքով կրծքի վրա բռնել է Ավետարանը, կողքերին 2 կիսախորանների մեջ մեկական առաքյալներ են: Կենտրոնում խաչն է, տակին գունդ-վարդյակը. 2 շրջանակներին մոմաթերթի մանրությամբ ծակոտկեն ցանցապատ մակերեսի վրա 8-թևանի աստղեր են` յուրաքանչյուր շրջանակի մեջ 7 հատ: Քիվին եղել է 1-տողանի արձանագրություն, որը ջարդվել է: Ներքևում նույնպես կա արձանագրություն, որում ասվում է, որ խաչքարը պատվիրել է Թամթա խաթունը իր ամուսնու` Աթաբեկ Տարսայիճի հոգու փրկության և որդիներ Բուղդայի և Բուրթելի արևշատության համար խաչքար կերտելու: Այն Մոմիկն ավարտում է 1308 թվականին և ստորագրում. «Մոմիկ վարդպետ»: Մոմիկի կյանքը սերտորեն կապված է Նորավանքի հետ: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ են ստեղծվել:Դրանցից մեկը պատմում է, որ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ աղջկան` Լուսիկին: Լուսիկն էլ Մոմիկին է սիրահարվում: Իշխանն իմանում է այդ մասին, ու, որովհետև հանգուցյալ իշխանուհուն խոսք էր տվել, որ նրա հոգու փրկության համար պիտի շիներ մի վանք, որի նմանը չլիներ հայոց աշխարհում, կանչում է Մոմիկին և այսպիսի պայման դնում: Մոմիկը երեք տարում պետք է կառուցեր 3 տաճար, որոնցից մեկը լինելու էր իշխանի տոհմական դամբարանը, երկրորդը` աղոթատուն, իսկ երրորդ տաճարում պետք է կատարվեր Մոմիկի ու Լուսիկի պսակադրությունը: Մոմիկը նախօրոք պիտի կտրեր, տաշեր ու քանդակեր երեք տաճարի քարերն այն հաշվով, որ ոչ մի քար չպակասեր, ու վանքն էլ անկրկնելի պիտի մնար հայոց աշխարհում:Մոմիկն ընդունում է այս պայմանը: Նա աշխատում է օր ու գիշեր` մտածելով Լուսիկի մասին, նրա տեսիլքից ուժ ստանալով ու երևակայության մեջ ստեղծված պատկերները քարերի վրա մարմնավորելով: Նա ավարտում է քարերի մշակումը, հաշվարկում ու մտքում որոշում յուրաքանչյուր քարի տեղը, գտնում երրորդ տաճարի գմբեթի վերջին քարը` վրան քանդակելով նետահար մի սիրտ, որին վերևից նայում էր լուսինը: Ապա գարնանն սկսում է առաջին տաճարը: Երկրորդ գարնանն արդեն սկսում է երկրորդ տաճարը: Վերջին տաճաըը Մոմիկը կառուցում է ավելի մեծ եռանդով` շարելով գիշեր ու զօր:

Ահա վերջապես վարպետը հասնում է գմբեթին, և նրա քարերից ոչ մեկը դեռ չէր պակասել: Իշխանը, տեղեկանալով, որ Մոմիկն արդեն մոտենում է շինարարության ավարտին, կանչում է իր Սեպուհին և հրամայում սպանել վարպետին: Սեպուհը բարձրանում է Մոմիկի մոտ` իբրև թե իշխանի կողմից նրան շնորհավորելու` աշխատանքի ավարտի առթիվ: Երբ ուրախացած Մոմիկը պատրաստվում է վերջին քարը դնել գմբեթին, Սեպուհը հրում է նրան, և վարպետը քարի հետ ընկնում է երրորդ տաճարի մեջ` սեղանի առջև, ուր պիտի կատարվեր նրա պսակադրությունը: Այնտեղ էլ թաղում են նրան, իսկ տաճարը կիսատ մնաց, որովհետև նրա վերջին քարը չդրվեց, այլ շիրմաքար դարձավ վարպետի համար: Սակայն վանքը անկրկնելի մնաց, ինչպես ասել էր իշխանը, որովհետև չկար նրա ստեղծողը, որ նորը շիներ, ուստի միշտ նոր էր մնալու: Եվ այդ պատճառով էլ վանքի անունն էլ մնաց Նորավանք:(Մկրտչյան Հ., Նովելներ և ակնարկներ, Ե., 1947, էջ 81-84):

 

Advertisements