Ս. Հարության տոնը Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում


Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի բազմամասնագիտական թիմի նախաձեռնությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը Տերունական աղոթքով սկսեց միջոցառումը:

Երեխաները երգեցին, արտասանեցին, ներկայացրին Ավագ Շաբաթի յուրաքանչյուր օրվա խորհուրդը, Զատկի խորհուրդը, ինչպես նաև հանդես եկան գարնան տոներին նվիրված կատարումներով:

Աշակերտների տոնական հագուստները, խելացի ու իմաստավորված մտքերը հրճվանքով ու մի նոր ջերմությամբ լցրին սիրելի մայրիկների և բոլոր ներկաների սրտերը:

Նման ջերմ մթնոլորտում էլ Տեր Հայրն օրհնեց մանուկներին և շնորհակալություն հայտնեց այս գեղեցիկ օրվա առթիվ կազմակերպված միջոցառման համար:

Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը, ով շնորհավորեց աշակերտներին և իր երախտիքի խոսքն ասաց այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին:

Շատ ողջունելի է, որ ներառական կրթության ծրագիրը իրականացվում է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում, որտեղ ուսում են ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, որոնց մասնակցությամբ այդպիսի գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում ծնողների, ուսուցիչների և հյուրերի համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements