Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին նշվեց ապրիլի 30-ին:

Այն Վայոց ձորում ամեն տարի առանձնակի խանդավառությամբ է նշվում, քանզի այն նաև հայ մշակույթի կարևորագույն գոհարներից մեկի՝ Նորավանքի ուխտի օրն է։

Տոնի օրը Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը մեծ տոնախմբություն էին նախաձեռնել Նորավանքում:

Ժամը՝10:30-ին, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և մասնակցությամբ Նորավանքի հոգևոր հովիվներ Տ. Ներսես քահանա Արշակյանի և Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, հյուրաբար Վայոց ձորի թեմում գտնվող Տ. Բարդուղիմոս քահանա Հակոբյանի,   թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով ներկայացրեց տոնի խորհուրդը, ինչպես նաև խոսեց մեր պատմության և ներկա ժամանակահատվածներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ունեցած անգնահատելի հոգևոր, բարոյական և ազգային գաղափարների իրագործման դերի մասին:

Ս. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Դպրաց դասի և հոգևորականների հետ Առաջնորդ Սրբազան Հայրը  Հոգեհանգստյան կարգ կատարեց Նորավանքի բարերար պարոն Տիգրան Հաճեթյանի գերեզմանաքարի մոտ՝ նրա հոգու հանգստության համար:

Տոնի օրը Հայաստանի մարզերից և Սփյուռքից Նորավանք ուխտի եկած հարյուրավոր հավատավոր հայորդիները ջերմորեն մասնակցեցին կազմակերպված բոլոր արարողություններին:

Եկեղեցու բակում Նորավանք այցելած բոլոր այս ուխտավորներին թեմի Երիտասարդաց միության անդամները բաժանեցին մեր միասնականությունը խորհրդանշող ազգային  ճաշատեսակը՝ հարիսան, որի օրհնությունը կատարեցին թեմի հոգևորականաց դասը:

Այս տարի բացառիկ էր նրանով, որ թեմի Երիտասարդաց միության և Եղեգնաձորի տարածաշրջանի ՔԴԿ-ի նախաձեռնությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի մի շարք համայնքների դպրոցների աշակերտների մասնակցությամբ ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Նորավանք:

Շուրջ 300 աշակերտներ իրենց Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հետ մասնակցեցին Ս. Պատարագին, ուսուցիչների ուղեկցությամբ ճանաչողական զրույցշրջայց կատարեցին Նորավանքի վանական համալիրի տարածքում, ինչպես նաև այցելեցին Մոմիկի  անվան թանգարան:

Թեմը հատուկ հյուրասիրություն կազմակերպեց ուխտավոր աշակերտների համար, ապա , ըստ նախատեսվածի, նախաձեռնողներն արշավ կազմակերպեցին դեպի Ս. Փոկասի մատուռ, որտեղ նրանք մաքրման աշխատանքներ կատարեցին:

Այնուհետև Արսեն սարկավագ Մաթևոսյանի գլխավորությամբ հոգևոր և ազգային երգերի հրաշալի կատարումներով հանդես եկան:

Շատ հետաքրքիր ու բովանդակալից անցավ աշակերտների օրը. նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին բոլոր արարողություններին՝ ստանալով անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ:

Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանի ջանքերով Նորավանք ուխտի էին եկել զինվորներ, համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախումբը /գեղ. ղեկավար՝ Արսեն սարկավագ Մաթևոսյան/, «Պատանի Երկրապահ» ակումբի և պարի համույթի սաները:

Նորավանքում իրենց անզուգական ելույթներով հանդես եկան ուխտավորաբար այնտեղ գտնվող Զանգակատան «Էրգիր» պարային համույթը՝ ղեկավարությամբ Լուսինե Սահակյանի և Խաչիկ համայնքի պարի համույթի սաները՝ ղեկավարությամբ Բելլա Առաքելյանի, որոնց միացան նաև մյուս ուխտավորները:

Նրանց հետաքրքիր ու յուրովի ելույթները բուռն խանդավառություն առաջացրեց ուխտավորների մոտ, ովքեր իրենց զգացմունքներն արտահայտեցին ցնծագին ծափողջույններով:

Տոնի օրը Նորավանքում ցուցահանդես կազմակերպվեց «ՍյունիքԶարգացում» ՀԿի բատիկի խմբակի սաների կողմից (ուսուցչուհի` Նելլի Հովհաննիսյան):

«Արփի» բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցի սաները հենց տեղում նկարեցին Նորավանքն իր ամբողջ շքեղությամբ:

Ազգային Կանաչ՝ վերազարթոնքի մթնոլորտով էր լցված Նորավանքն այսօր, ապշեցուցիչ էր հատկապես ուխտի եկած դպրոցականների ինքնաբուխ ազգային երգերի կատարումները:

Խորհրդանշական այս իրողությունը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայորդիների միասնական կամքը անշեջ է, խրոխտ ու բարձրաբերձ մեր լեռների պես:

Ուրախությամբ հիշատակենք, որ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս Նորավանքի ուխտի օրվա ողջ տոնախմբությունն իրականացավ Նորավանքի բարերար, տիկին Դիանա Հաճեթյանի ազնիվ նվիրատվության շնորհիվ:

Վերջում Նորավանքի հյուրատանը կազմակերպվեց ընդունելություն և սիրո ճաշ:

Այսօրվա ուխտը մեր ազգային միասնականության վերանորոգման և հավերժության ուխտն է: Այսօր մենք ծնրադրեցինք Ամենակալ Տիրոջ, Սուրբ Նորավանքի, մեր նախնյաց սրբացած շիրմաքարերի, մեր լեռների առջև և ուխտեցինք հավատարիմ մնալ մեր նախնյաց պատգամներին, միասնական լինել ամեն պարագայում՝ անմնացորդ սիրով նվիրվելով մեր հայրենիքին ու Սուրբ Եկեղեցուն:

Թող բոլորի ուխտն Ամենակալ Աստված ի կատար ածի:

 

 Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

 

Advertisements