Ս. Հարության տոնը Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնում


Օրերս Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնում
դաստիարակներ Լուսինե Ստեփանյանի և Նարինե Ավետիսյանի կողմից կազմակերպվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում:

Ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնի տնօրեն Նարինե Դավթյանը, ծնողներ, հյուրեր և այլք:

Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Նարինե Դավթյանը, ով ողջունեց ներկաներին, ապա ներկայացրեց Զատկի տոնի խորհուրդը, կարևորեց միջոցառումների միջոցով երեխաներին քրիստոնեական արժեքներին հաղորդ դարձնելը, ապա ասաց, որ Հայ Եկեղեցու շնորհիվ են, որ հոգևոր տոները մուտք են գործում մանկապարտեզ և երեխաները հնարավորություն են ունենում շարականներ և աղոթքներ սովորել:

Այնուհետև հոգևոր երգի ներքո կենտրոնի ավագ և միջին խմբի սաները, տոնին համապատասխան հագուստներով,  մուտք գործեցին միջոցառումների սրահ, ապա փոքրիկները հատուկ կարգով ողջունեցին Տեր Հորը, որից հետո Տեր Վազգենը Տերունական աղոթքով սկսեց այս գեղեցիկ տոնական միջոցառումը:

Աշակերտները հրաշալի պատկերավորմամբ ներկայացրին Քրիստոսի հարության աստվածաշնչյան պատումը, ինչպես նաև՝ խաղիկների և զարդարված սեղանների միջոցով՝ տոնին նվիրված ժողովրդական ավանդույթները:

Առանց հուզմունքի և դժվարության ներկայացրին Ս. Զատկի հետ կապված բոլոր հասկացությունները, անգամ հանդիսատեսին հանելուկներ առաջարկեցին, իսկ ճիշտ պատասխանողները արժանացան ներկաների ծափողջույններին:

Տոնի վերաբերյալ երգերը փոքրիկները կատարեցին մեծ ոգևորությամբ: Բոլոր երգերը ընտրված էին տոնին համապատասխան:

Աշակերտների տոնական հագուստները, խելացի ու իմաստավորված մտքերը հրճվանքով ու մի նոր ջերմությամբ լցրին սիրելի մայրիկների, դաստիարակների և բոլոր ներկաների սրտերը:

Նման ջերմ մթնոլորտում էլ Տեր Հայրն օրհնեց մանուկներին և իր երախտիքի խոսքն ասաց այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին, ապա Տնօրհնեքի արարողակարգ կատարեց Տեր Հայրը:

Այս յուրօրինակ, անչափ գեղեցիկ միջոցառման կազմակերպիչների աշխատանքը գնահատվեց բոլորի կողմից և գովասանքի ու շնորհակալության խոսքեր հնչեցին միջոցառման ավարտից հետո:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements