Սուրբ և Անմահ Պատարագ Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցում


Այսօր Երկրապահի օրն է: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:

Այսօր Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Տեր Հայրը, խոսելով օրվա խորհրդի նշանակության մասին, իր շնորհակալությունը հայտնեց ազատամարտիկներին, Երկրապահ կամավորական միության անդամներին, ովքեր Հայաստանի օրհասական օրերին, ինչպես 90-ական թվականներին, այնպես էլ Քառօրյա պատերազմի ժամանակ շատերը զենք վերցրին և մեկնեցին ռազմաճակատ:


Ս. Պատարագին ներկա էին ազատամարտիկներ, հավատացյալներ, մարզային կառավարման աշխատակիցներ և Երկրապահ կամավորական միության անդամները՝ գլխավորությամբ Վայոց ձորի մարզի Երկրապահ կամավորական միության փոխնագահ, աֆղանական պատերազմի մասնակից, 1994թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ առաջինը «Սու» կործանիչը խոցող, Քառօրյա պատերազմի ժամանակ Եղեգնաձորի ջոկատի հրամանատար, Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Արամի Սեդրակյանը:
Հավարտ Ս. Պատարագի աղոթք բարձրացվեց առ Աստված՝  Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված հայ մարտիկների հիշատակի համար:
Թող մեր հայրենյաց պաշտպանների հավիտենական հիշատակն օրհնությամբ լինի. ամեն:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements