Վայոց Ձորի թեմ

Եղեգնաձորում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հաղթանակի և խաղաղության օրվան

Advertisements

Այսօր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 72-րդ և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձերի առիթով Եղեգնաձոր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական հուշարձանին հարող հրապարակում Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը,  մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներ, Վայոց ձորի մարզի «Սատար» Հաշմանդամների ՀԿ-ի Տարածքային կենտրոնի շահառուներն և կամավորները, զինվորներ, Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների բնակիչներ:

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված հանդիսության ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան երաժշտական դպրոցի շնորհալի սաները` ներկաներին պարգևելով բազմաթիվ հիացմունքի պահեր:

Այնուհետև ոգեշունչ երգերի յուրօրինակ կատարումներով հանդես եկավ Արթուր Կարապետյանը, ում ելույթներն արժանացան ներկաների ցնծագին ծափողջույններին:

Այս գեղեցիկ հանդիսության ավարտին մասնակիցներն առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մարզպետ Հարություն Սարգսյանի, գլխավորությամբ  բարձրացան Հաղթանակի բլուր` ծաղիկներ խոնարհելու և ծաղկեպսակներ դնելու Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանին:

Այնուհետև երթի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղիկներ խոնարհելու Արցախում նահատակված և երկրի սահմաններում զոհված եղեգնաձորցի քաջորդիների հիշատակին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements