Մայիսյան հաղթանակներին նվիրված հանդիսություն Արենի համայնքում


Մայիսի 9-ին Արենի համայնքի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ բազմամարդ էր:

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառմանը ներկա էին վետերաններ, Արցախյան հերոսամարտի, Հայաստանի սահմանների ինքնապաշտպանական մարտերի և Արցախյան Քառօրյա պատերազմի մասնակիցներ, համայնքի բնակիչներ, հյուրեր, պարային խմբեր, Արենիի համայնքապետարանի և միջնակարգ դպրոցի ներկայացուցիչներ և աշակերտներ:

Նախ մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին զոհվածների հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց վառ հիշատակը:

Ներկաներին տոնի առիթով ողջունեց և շնորհավորեց Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը, ապա հանդես եկավ օրհնության խոսքով:

Այնուհետև ելույթ ունեցան համայնքի ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը, դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ:

Որոշ ազատամարտիկներ և մասնակիցներ Երկրապահ կամավորական միության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:

Միջոցառման ընթացքում իր հեղինակային երգով հանդես եկավ Խաչիկ Խաչատրյանը:

Արենիի մշակույթի տան պարային խումբը` Դավիթ Հովհաննիսյանի ղեկավարությամբ հանդես եկավ ռազմահայրենասիրական երգ ու պարով:

Ցերեկույթի ավարտից հետո հրավիրված հյուրերը և ազատամարտիկներն այցելեցին զոհված տղաների շիրիմների մոտ և ծաղիկներ դրեցին:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Սկզբնաղբյուր՝ Արենիի համայնքապետարան

Advertisements