«ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ» ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽԱՉԻԿՈՒՄ


Արդեն երեք տարի շարունակ Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը/ պատասխանատու Ա. Ստեփանյան/ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնն իրականացնում են «Նամակ զինվորին» ծրագիրը։

Այս տարի մայիսի 9-ին թեմի ԵՄ-ի պատասխանատու Ա. Ստեփանյանը, ՔԴԿ-ի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանյանը և Ռինդի միջն. դպրոցի մի խումբ աշակերտներ /ՀԵՊ ուսուցիչ Ա. Բաբայանի նախաձեռնությամբ/ այցելեցին Խաչիկի զորամաս և հանձնեցին Վայոց ձորի մարզի տարբեր դպրոցների աշակերտների կողմից գրված շնորհավորական նամակները, որոնք հասցեագրված էին մեր սահմանները պահող զինվորներին։

Ոգևորությունը շատ մեծ էր, քանի որ Ռինդի միջն. դպրոցի աշակերտներն առաջին անգամ էին այցելում զորամաս։ Նրանք հնարավորություն ստացան շրջայց կատարելու զորամասում, ծանոթանալու բանակային կյանքի որոշ դրվագների, ապա փոքրիկ մշակութային միջոցառմամբ ներկայացան մեր պաշտպաններին ու հանձնեցին նամակները, իսկ զինվորների մի մասը, ովքեր նամակների հանձնման օրը գտնվում էին արևելյան սահմանները պահող դիրքերում, նամակները կստանան՝ վերադարձին:

Զորմասի հրամանատարությունը ողջնունեց այս նախաձեռնությունը և կարևորեց նման այցելությունները զորամասեր, քանի որ նման նախաձեռնությունները ոգևորում և ուժ են տալիս մեր սահմանը պահող հայորդիներին։

Իրենց ուխտագնացություն-այցելությունն աշակերտները զորամասի գնդերեց, Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու Արսեն սրկ. Մաթևոսյանի առաջնորդությամբ ավարտեցին Խաչիկի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր ևս մեկ անգամ աղոթք բարձրացրին առ Աստված մեր սահմանների ու երկրի խաղաղության համար…

Թեմի ԵՄ-ի պատասխանատու Ա. Ստեփանյանը և ՔԴԿ-ի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Աղախանյանը հանդիպում ունեցան նաև տեղի երիտասարդների հետ, զրուցեցին նրանց հուզող հարցերի շուրջ և առաջիկայում որոշեցին համատեղ իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք էլ ավելի կնպաստեն երիտասարդների համախմբմանը և ակտիվացմանը։

Երիտասարդաց միություն

Advertisements