«Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով բաց դաս Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցում


Այսօր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Վայոց ձորի մարզային ծառայության և դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվեց բաց դաս՝«Ի՞նչ գիտենք Վայոց ձորի մարզի հուշարձանների մասին» թեմայով:

Մասնակցում էին դպրոցի Վարդան Վարդանյանի անվան 6-րդ բ դասարանի աշակերտները՝ գլխավորությամբ դասղեկի՝ Կարինե Մովսիսյանի:

Ժյուրիի կազմում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը (ժյուրիի նախագահ), մարզային ծառայության գիտաշխատող Անի Խաչատրյանը և դպրոցի փոխտնօրեն Անուշ Գիրգորյանը:

Սկզբում աշակերտներին շնորհավորեց և հաջողություն մաղթեց դասղեկ Կարինե Մովսիսյանը, ապա հրավիրեց ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանին՝ իր ողջույնի խոսքն ասելու ներկաներին:

Տիկին Դովլաթյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Մենք գիտենք, որ Վայոց ձորը թանգարան է բաց երկնքի տակ: Մեր նախնիները մեզ են փոխանցել արվեստի այնպիսի գոհարներ, որոնցով հպարտանում ենք ոչ միայն հայերս, այլև մեզ ճանաչող աշխարհահռչակ բազմաթիվ մշակութային գործիչներԱշխարհահռչակ նկարիչ Ռոքուել Քենտը Հայաստանի մասին ասել է. «Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է առավել  շատ  հրաշքների հանդիպել, ես առաջինը կտայի Հայաստանի անունը։ Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի կոթողների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են կազմել աշխարհի զարդն ու պարծանքը։ Երիցս կեցցես դու, հող հայկական, օրրան տաղանդների, օրրան մեծագործությունների»:

Այնուհետև տիկին Դովլաթյանն ասաց, որ այսօրվա բաց դասը կլինի մի յուրատեսակ մրցույթ, որի ավարտին մենք չենք ունենա հաղթողներ և պարտվողներ, բայց  համոզված ենք, որ այս բաց դասին հաջորդող ամառային արձակուրդների ընթացքում կհարստացնեք ձեր գիտելիքները Վայոց ձորի հուշարձանների, դրանց պատմության ու պահպանության  մասին և նոր  ուսումնական տարում ամբողջ դասարանով պատրաստ կլինեք մասնակցելու մարզում անցկացվող  ցանկացած մրցույթի ու կհաղթեք:

Բաց դաս մրցույթի նպատակն էր արժևորելու և հանրահռչակելու մարզի պատմամշակությաին ժառանգությունը: Մրցույթը բաղկացած էր 2 փուլից. 1-ին փուլում թիմերը պետք է ճանաչեին էկրանի վրա ցուցադրվող լուսանկարները, իսկ 2-րդ փուլում պատասխանեին հաղորդավարների հարցերին:

Շատ յուրահատուկ անուններ էին ընտրել աշակերտներն իրենց թիմերի համար՝ «Նորավանք» և «Արատես»:

Հարցաշարում ընդգրկված էին Վայոց ձորի հուշարձանների պատմությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր, որոնց երեխաները պատասխանում էին շատ հստակ և ճիշտ:

Մեծ ոգևորությամբ էին 2 թիմերը մասնակցում բաց դասին. յուրաքանչյուր թիմ ցույց էր տալիս իր գիտելիքները և տրամաբանությունը:

Դասղեկի շնորհիվ աշակերտները կարողացել էին յուրացնել տրված բոլոր առաջադրանքները:

Մրցույթն ընդհատվում էր աշակերտների գեղեցիկ ասմունքով, ազգային երգերի և պարերի կատարումներով, իսկ փուլերի ընդմիջումների ժամանակ երեխաները հանդես եկան իրենց ձեռքով պատրաստված յուրօրինակ զգեստների ցուցադրությամբ:

Վերջում ելույթ ունեցավ հանձնաժողովի նախագահ Աղասի Հովհաննիսյանը, ով ամփոփեց մրցույթի արդյունքները և հայտարարեց, որ անցկացված երկու փուլերի արդյունքում հաղթող թիմ ճանաչվեց «Արատես»-ը:

Ավելացնենք նաև, որ այդ օրը 6-րդ բ դասարանը ճանաչվեց «Տարվա լավագույն դասարան» տիտղոսին ՝ արժանանալով փայտյա գիրք-հուշանվերի:

Այնուհետև ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը մրցանակներ շնորհեց հաղթող թիմերին, իսկ դասարանի բոլոր աշակերտները և դասղեկ Կ. Մովսիսյանը մարզային ծառայության կողմից ստացան հուշանվերներ:

Ներկա էին ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը, դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանը և մանկավարժներ:

Մրցույթի ավարտին իրենց շնորհավորանքի խոսքն ասացին դպրոցի տնօրեն Ա. Թարվերդյանը և փոխտնօրեն Ա. Գիրգորյանը:

Բաց դասը շատ հետաքրքիր ու դիտարժան էր, և բոլոր մասնակիցներն ուսումնական օրն ավարտեցին ջերմ տրամադրությամբ ու հարուստ տպավորություններով:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements