Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ հուշ-միջոցառում՝ նվիրված Վարդան Վարդանյանի հիշատակին


Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո  Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ հուշ-միջոցառում՝ նվիրված Արցախում զոհված վայոցձորցի, լեյտենանտ Վարդան Վարդանյանի հիշատակին

Միջոցառումը նախաձեռնել էր Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը, որին աջակցել էին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցը (տնօրեն` Անուշ Թարվերդյան)  և Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցը  (տնօրեն` Արթուր Կարապետյան):

Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը, ով ներկայացրեց միջոցառման խորագիրը և իր շնորհակալությունը հայտնեց հուշ-միջոցառման աջակիցներին, ապա հրավիրեց Վարդան Վարդանյանի դասղեկին՝ Անուշ Գրիգորյանին՝ պատմելու իր դասարանի շնորհալի սանի մասին:

Հուզիչ էր դասղեկի հուշերը նրա դպրոցական տարիների, կերպարի և սխրանքի մասին: Դասղեկն իր խոսքում մասնավորապես ասաց.«Վարդանը եղել է ազնիվ, բարեհամբույր, սիրել է շրջապատը, ընկերներին, կյանքով լեցուն էր, ուժեղ, հպարտ, ամեն մի աշխատանքի մեջ նա տուն, զենք, տանկ է նկարել, որը բնորոշում էր նրա սերը ռազմական գործի և հայրենիքի նկատմամբ: Շատ լռակյաց, զուսպ է եղել, նրա արտահայտած յուրաքանչյուր մի խոսք ունեցել է կշիռ: Կյանքով լեցուն էր, տեսնում էր վատ արարքը և միշտ էլ գնահատում էր լավը: Անչափ սիրում էր ծնողներին և հարազատներին: Աչքերը միշտ թախծոտ են եղել, որոնող, պրպտող հայացք է ունեցել, ուժեղ է եղել իր վազքի և ձեռքի ուժի մեջ, քիչ էր խոսում, բայց ամեն մի խոսքն իր մեջ հումոր ուներ և երբեք իր ասած հումորից նա չէր ժպտում: Դասարանի տղաների համար իր բազկի ուժով միշտ թիկունք է եղել»:

Այնուհետև տիկին Գրիգորյանը պատմեց, թե ինչ է եղել, երբ վերջին անգամ դասարանի աշակերտների հետ հանդիպում է կազմակերպել:

«Վերջին անգամ երբ հավաքվել էինք և սպասում էինք Վարդանին, եկավ ուշացումով, կարմրած աչքերով, հոգնած: Դիրքերում էր եղել, ամբողջ գիշեր չէր քնել, բայց ընկերների սերը և կարոտը նրան չէին թողել, որ քնի և եկել էր տեսնելու իր դասընկերներին և արդարանալով ասում էր՝ ոչինչ, գնալուց ճանապարհին կքնեմ»,- ասաց դասղեկը:

Այնուհետև Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի Վարդան Վարդանյանի անվան 6-րդ բ դասարանի շնորհալի աշակերտները (դասղեկ` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մովսիսյան) մեծ պատասխանատվությամբ ներկայացրին հերոս սպայի կյանքի կարճ, սակայն իմաստալից տարեգրությունը:

Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան նաև Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի սաները, ովքեր հանդես եկան գեղեցիկ երաժշտական կատարումներով:

Հուզված էին թե′ Վարդանի ծնողները, հարազատները և թե′ միջոցառման բոլոր մասնակիցները:

Այս գեղեցիկ միջոցառումն ավարտվեց  6-րդ ա դասարանի (դասղեկ՝ Շուշան Կիրիշչյան) շնորհալի աշակերտների ելույթով, ովքեր ցուցադրեցին միջոցառման բովանդակությանը համահունչ հայաստանյան և արցախյան դրոշներով պարային համար:

Այնուհետև օրհնության խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով իր խոսքում մասնավորապես ասացՀերթական անգամ ոգեկոչեցինք մեր այն զիվորներին, ովքեր Վարդանի պես իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, հավատի և խաղաղության: Կան արժեքներ, որոնց պահպանման համար յուրաքանչյուրն անում է զոհաբերություն: Ազատությունն ու անկախությունը բացարձակ կարևոր արժեքներ են, որոնց պահպանման համար հաճախ հարկ է լինում զոհաբերել մեր ունեցած ամենաթանկ բանը՝ կյանքը»:

Աշակերտներին և միջոցառման կազմակերպիչներին իրենց ողջույնի խոսքն ասացին N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ով 6-րդ բ դասարանի աշակերտներին պարգևատրեց գավաթով՝ դպրոցում «Տարվա լավագույն դասարան» տիտղոսին արժանանալու համար:

Այնուհետև 6-րդ բ դասարանի դասղեկ Կարինե Մովսիսյանն իր խոսքում ասացԵս՝ որպես 6-րդ բ դասարանի դասղեկ, հավատացնում եմ և հավաստիացնում, որ քանի դեռ կա այն սերունդը, որը կարողանում է պահել, պահպանել զինվորի հիշատակը, ուրեմն հերոսները մահ չունեն, նրանց երկվորյակը անմահությունն է»:

Վերջում թանգարանի կողմից շնորհակալագրեր ստացան միջոցառման բոլոր աջակիցները:

Ներկա էին Վարդանի ծնողները, հարազատները, մարզպետարանից աշխատակիցներ, ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը,  զորամասի հրամանատարներ, սպաներ, զինվորներ, Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը, Եղեգնաձորի մարզային գրադարանի աշխատակիցները, ուսուցիչներ, աշակերտներ և այլք:

Միջոցառման ավարտին ներկաները շնորհակալության և գնահատանքի բազմաթիվ խոսքեր ասացին միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ ինքնատիպ, յուրօրինակ հուշ-միջոցառման և հաճելի ակնթարթներ պարգևելու համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements