Ավարայրի ճակատամարտի 1566-րդ տարելիցին նվիրված արարողություններ Վայոց ձորում


Մայիսի 25-ին  Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ  Եղեգնաձորի Մոմիկի անվան զբոսայգուց  անցկացվեց «Ճանաչենք  451թ. Ավարայրի ճակատամարտի վայոցձորյան քարե հիշատակները» խորագրով երթ, որը նվիրված էր Վարդանանց  պատերազմի 1566-րդ տարելիցին:

Մոմիկի արձանի մոտ էին հավաքվել Եղեգնաձորի տարածաշրջանային պետական քոլեջի և տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներ, Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցների մանկավարժական կոլեկտիվներ, բարձր դասարանների աշակերտներ, Վայոց ձորի թեմի երիտասարդաց միության անդամներ, ՊՄՊ մարզային ծառայության և  «Արփի» արգելոցի աշխատողներ:

Երթի ակտիվ մասնակիցները, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանի գլխավորությամբ, դրոշներով, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»  կտավի պաստառներով, հուշարձանների պահպանությանը նվիրված կարգախոսներով Նարեկացու փողոցով ժամը 13-ին շարժվեցին դեպի «Քյոշկ» ամրոց, որտեղ 1566 տարի առաջ տեղի է ունեցել Ավարայրից հետո ամենամեծ ճակատամարտը:

Երթն ուղեկցվում էր շարականներով ու հայրենասիրական  երգերով:

Ամրոցի բարձունքում  մասնակիցներին ողջունելուց հետո Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր  հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պատմեց Ավարայրի ճակատամարտի, հայոց պատմության մեջ դրա ունեցած ճակատագրական դերի մասին, բազում նահատակների հիշատակի առիթով ամրոցի ստորոտում  Գյուտ կաթողիկոսի կառուցած տաճարի և այդ տաճարի տեղում 17-րդ դարում կառուցված եկեղեցու մասին: Նշեց, որ այսօր, ավելի քան երբևէ, մեր ազգին պետք է միասնություն և սեր  հայրենիքի նկատմամբ:

Այնուհետև ելույթ ունեցավ մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը, ով մեջբերելով Եղիշեի «…Մահ իմացյալ անմահություն է…» խոսքերը՝ ներկաներին ծանոթացրեց Ավարայրից հետո Վայոց ձորում տեղի ունեցած այն չորս ճակատամարտերի մասին, որոնց վայրերում այսօր էլ պահպանվել են նահատակի մատուռներ և սրբավայրեր:

Տիկին Դովլաթյանն իր խոսքում մասնավորապես ասացՀայ ժողովրդի  բազմադարյան պատմությունը միշտ լեցուն է եղել բուռն իրադարձություններով: Խաղաղ, ստեղծագործ աշխատանքին բազմիցս փոխարինել են պատերազմները, և հայ մարդն իր կամքից անկախ արարելու փոխարեն իր հայրենիքն է պաշտպանել: Այդպես եղավ նաև Ավարայրում, ուր կենաց և մահվան կռվի դաշտ էին ելել ոչ միայն հայոց զորագնդերը, այլ նաև մտքի և հոգու, լույսի և Ավետարանի, հողի և հայրենիքի մշակները, մի ողջ ժողովուրդ

Զոհվեց Վարդանը Ավարայրի դաշտում, իր մահով անմահացավ, Սրբացավ, Փրկվեց հայոց աշխարհը բնաջնջումից:

Ինչպես կանխատեսել էր Մեծ զորավարը, սկսվեց թշնամու ուժերը ջլատելու երկարատև ծանր շրջանը: Արյունողող հայոց զորքն իր մեծ զոհերի գնով հիմք դրեց հետագա հաղթանակների: Զորքը  նահանջում է դեպի Վայոց ձոր:   

  Ինչպես Ստեփանոս Օրբելյանն է ասում, «Պարսկական զորքը սկսում է հետապնդել: Հայկական զորքը հասնում է Մոզան և Եղեգիս գետերի միջև  Սրկղունք (այժմ՝ Եղեգնաձոր) բնակավայր և տալիս առաջին ճակատամարտը»:

Ամրոցից իջնելով՝ երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին եկեղեցու մոտ Վարդանանց հիշատակին կանգնեցված խաչքարին և կատարեցին մոմավառություն:

Կազմակերպիչները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել Վարդանանց պատերազմի 1566-ամյակին նվիրված հիշատակի արարողություններին, որի  արդյունքում մասնակիցները հարուստ գիտելիքներ ձեռք բերեցին և հուշարձանից հեռացան՝ նոր տպավորություններ ստանալով Վարդանանց պատերազմի և Վայոց ձորում տեղի ունեցած ճակատամարտերի մասին:

Թող Սուրբ Վարդանանց բարեխոսությամբ մեր ժողովուրդն ապրի  խաղաղության մեջ և Աստծու օրհնությունը միշտ հովանի լինի նրանց վրա:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements