Եղեգնաձորի ավագ դպրոցում հնչեց ավարտական Վերջին զանգը


Եղեգնաձորի ավագ դպրոցում ղողանջեց Վերջին զանգը` ավետելով աշակերտների հանրակրթական ուսումնառության փուլի ավարտը և կյանքի մեկ այլ փուլ մտնելու մեկնարկը:

Վերջին զանգի միջոցառմանը ներկա  էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը, ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, ուսուցիչներ, ծնողներ և այլք:

Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով շնորհավորեց շրջանավարտներին Վերջին զանգի առթիվ՝ ցանկանալով, որ Վերջին զանգի ղողանջների ավետումը լինեն այն նոր ու բաղձալի հաջողությունների սկիզբը, որոնց նրանք նպատակադրել են հասնել ապագայում:

«Ձեր սրտերում միշտ վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով»,- ասաց արժանապատիվ Տեր Հայրը: 

Հնչում էր վերջին զանգը՝ վերջին ղողանջը այն ջերմ կրթօջախի, որը ջանադրաբար գիտության սերմեր է տարածել շրջանավարտների ոգում, որտեղ յուրաքանչյուր մանկավարժ վեհության գիտակցումով է նվիրաբերվել իր առաքելությանը, որտեղ գիտելիքը լույս է առկայծում, իսկ միտքը՝ թռիչք, և այս երկուսի համադրությամբ էլ ձևավորվում է անձը՝ պետության վաղվա քաղաքացին:

Միջոցառումն աչքի էր ընկնում իր կազմակերպվածությամբ և շնորհաշատ սաների գեղեցիկ կատարումներով:

Միջոցառման ընթացքում շրջանավարտներն իրենց երախտագիտությունը հայտնեցին  ուսուցիչներին` տարիների ընթացքում ձեռք բերած հարուստ գիտելիքների համար:

Շրջանավարտներին բարեմաղթանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը և ուսուցիչները:

Բարի երթ Ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

 

Advertisements