Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ «ՍԱՄՈՒՐԱՅ» միջազգային Դոշինկան կարատեի բաց առաջնությունը


Մայիսի 27-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ «ՍԱՄՈՒՐԱՅ» միջազգային Դոշինկան կարատեի բաց առաջնություն՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 99-ամյակին։

Մրցաշարին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և հարակից գյուղերի մարզիկները՝ թվով 130 և ավելի մարզիկներ։

Ի թիվս այլ հյուրերի, բացման արարողությանը հրավիրված էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյաը, ով աղոթքով և օրհնության խոսքով սկսեց մրցման բացման արարողությունը:

Արժանապատիվ Տեր Հայրը կարևորեց մատաղ սերնդի դաստիարակության գործում սպորտի ունեցած դերն ու նշանակությունը և շեշտադրեց հոգևոր ու ֆիզիկական դաստիարակության փոխադարձ կապն ու պայմանավորվածությունը:

«ՍԱՄՈՒՐԱՅ» միջազգային Դոշինկան կարատեդո հայկական ֆեդերացիան շնորհակալագրեր հանձնեց, ի թիվս այլ աջակիցների, նաև Արժանապատիվ Տեր Հորը:

Առաջնության ժամանակ  դպրոցի 6-րդ ա դասարանի (դասղեկ՝ Շուշան Կիրիշչյան) շնորհալի աշակերտները հանդես եկան գեղեցիկ ելույթով, ովքեր ցուցադրեցին հայաստանյան և արցախյան դրոշներով յուրօրինակ պարային համար:

Առաջնությունը կազմակերպվել էր բարձր մակարդակով և ազնիվ մրցակցության արդյունքում համապատասխան մրցանակներ ստացան մարզիկները:

Մրցաշարի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում Տեր Հայրը մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնեց մեդալներ:

Ցանկանում ենք մեր մարզիկներին ուսման և սպորտի բնագավառում նորանոր հաղթանակներ:

Թեմի լրատվության բաժին

Advertisements