«ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ» ԾՐԱԳԻՐԸ ՎԱՅՔԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ  


Մայիսի 28-ը Վայքի զորամասի համար կրկնակի տոն էր: Առաջին Հանրապետության տոնին գումարվել էր նաև 1996 թ-ին մի խումբ ազատամարտիկների և կամավորականների ուժերով ստեղծված Վայքի զորամասի 21-րդ տարելիցը:

Վայքի քաղաքային հրապարակը իրար էր միավորել զինվորականներին, մտավորականներին, աշակերտներին և բնակիչներին: Շուրջբոլորը ոգևորություն էր տիրում: Միջոցառման պաշտոնական մասը բավականին հագեցած էր: Տոնի կապակցությամբ մի շարք զինվորականներ և ժամկետային զինծառայողներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով և շքանշաններով: Հնչեցին շնորհավորանքի ոգեշունչ խոսքեր: Մշակութային մասում հանդես եկան Վայքի արվեստի դպրոցի սաները և Ջերմուկի թիվ 3 միջն. դպրոցի աշակերտները:

Արդեն երեք տարի է, ինչ Վայոց ձորի Երիտասարդաց միության և Եղեգնաձորի տ/շ ՔԴԿ պատասխանատուների կողմից իրականացվում է «Նամակ զինվորին» ծրագիրը:

Երեխաները զինվորներին փոխանցեցին մարզի տարբեր դպրոցների աշակերտների կողմից գրված նամակները՝ լի քաջալերանքի և շնորհակալության խոսքերով: Ջերմուկի թիվ 3 միջն. դպրոցի աշակերտները հաջորդիվ ներկա գտնվեցին զինատեսակների բացօթյա ցուցադրմանը: Զինվորական մասնագետները երեխաներին ներկայացրին զենքերը, բացատրեցին դրանց գործածության և անվտանգության կանոնները: Ապա աշակերտները այցելեցին զորամաս, ծանոթացան զինվորների առօրյային: Զորամասի գնդերեց Գագիկ սարկավագ Հակոբյանը և մայոր Գրիգորյանը սիրով պատասխանեցին աշակերտների բոլոր հարցերին:

Դատելով զինվորների արձագանքներից` նմանօրինակ նախաձեռնությունները անհրաժեշտ են և՛ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած զինվորի, և՛ նրա գործի կարևորությունը վաղ հասակից հասկանալ սովորող աշակերտի համար:

Երիտասարդաց միություն

Advertisements