Հունիսմեկյան միջոցառում Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնում


Հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ ուրախ միջոցառում, որին ներկա էին կենտրոնի տնօրեն Նարինե Դավթյանը, Եղեգնաձորի համայնքապետարանից ներկայացուցիչներ, դաստիարակները և ծնողները:

Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Նարինե Դավթյանը, ով շնորհավորելով փոքրիկներին տոնի առիթով՝ կենտրոնի սաներին պարգևատրեց շնորհավորագրերով, ապա հանդես եկավ իր բարեմաղթանքի խոսքով.

-Ծիածանի վառ գույները

Թո′ղ ողողեն ձեր մանկությունը,

Լինեն ուղեկից ձեր ճանապարհին,

Երանգ հողորդեն ձեր գունեղ կյանքին:

Այնուհետև փոքրիկները տոնական գեղեցիկ հագուստներով երգեցին, արտասանեցին և պարեցին՝ ջերմությամբ լցնելով սիրելի մայրիկների, դաստիարակների և բոլոր ներկաների սրտերը:

Փոքրիկներից յուրաքանչյուրի ելույթը շատ հաջող էր, և ծնողների դեմքերը փայլում էին ուրախությունից:

Մասնակիցներին հետաքրքիր անակնկալ էին պատրաստել կենտրոնի աշխատողները. հյուր էին եկել երեխաների կողմից սիրված մուլտֆիլմների հերոսները, ովքեր  կարողացան երեխաների օրը վերածել իսկական տոնի:

Ջերմ մթնոլորտ էր տիրում կենտրոնում. կարծես՝ փոքրիկները հեքիաթային աշխարհում լինեին:

Միջոցառման ավարտին կազմակերպվեցին տարբեր խաղեր, որոնց փոքրիկները մասնակցեցին մեծ ոգևորությամբ:

Երեխաները գունավոր կավիճներով նկարազարդեցին սալահատակն իրենց երևակայության պատկերներով` արև, պարտեզ, ծաղիկներ…

Նույն օրը կենտրոնի շնորհալի սաները գեղեցիկ ելույթներով հանդես եկան նաև Եղեգնաձորի ամֆիթատրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Այդտեղ իրենց յուրօրինակ կատարումներով հանդես եկան նաև կենտրոնի սպորտային մարմնամարզության (ուսուցչուհի՝ Մարինե Հունանյան) խմբակի սաները:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements