Հունիսմեկյան տոնակատարություն Եղեգնաձորի ամֆիթատրոնում


Հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Եղեգնաձորի ամֆիթատրոնում Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից փոքրիկների համար կազմակերպվեց ուրախ միջոցառում՝ լի բազմաթիվ անակնկալներով և անմոռանալի պահերով:

Տոնական այս գեղեցիկ միջոցառմանը մասնակցում էին «Արմենիան ղողանջներ» մանկապատանեկան երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան), Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնի, Եղեգնաձորի թիվ 1, թիվ 2 և թիվ 5 մանկապարտեզի սաները, Ջիվանու անվան աշուղական դպրոցի Եղեգնաձորի համայնքապետարանի «Վայոց ձոր» աշուղական երգի համույթը (գեղ. ղեկավար՝ Սամվել Գրիգորյան), Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի պարի և երգի խմբերը, Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի և Ս. Գայանե եկեղեցու  երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Նազելի Սարգսյան), «Ռաֆա» պարային համույթը (գեղ. ղեկավար՝ Ռաֆայելա Բագրատունի) և այլք:

Միջոցառումը բացվեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով:

Տերունական աղոթքից հետո Տեր Վազգենը շնորհավորեց բոլոր երեխաներին տոնի առթիվ՝ ցանկանալով անհոգ մանկություն և լուսավոր ապագա, ապա ելույթ ունեցավ Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը, ով ներկայացրեց կազմակերպված «Մի սպանիր» ակցիայի մասին:

Այնուհետև միջոցառման բոլոր խմբերը հանդես եկան գեղեցիկ ելույթներով՝ ներկաներին պարգևելով անմոռանալի ակնթարթներ:

Տոնակատարության ընթացքում հետաքրքիր, յուրօրինակ ելույթներով հանդես եկան Հայաստանի կարատեի ֆեդերացիայի Վայոց ձորի խումբը (մարզիչներ՝ Կարեն Սարգսյան, Յուրա Վարդանյան) և «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնի սպորտային մարմնամարզության խմբակի սաները (ուսուցչուհի՝ Մարինե Հունանյան):

Փոքրիկներին ուրախացնելու համար  հյուր էին եկել մուլտֆիլմների հերոսները, ովքեր մեծ ուրախություն պարգևեցին երեխաներին ու մեծերին:

Տեղեկացնենք, որ տոնի օրը Եղեգնաձորի մարզադաշտում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով անցկացվեց մարզամշակութային միջոցառում:

Այդ մրցման ժամանակ հաղթող ճանաչված մասնակիցների մեդալները, պատվոգրերը և նվերները հանձնվեցին ամֆիթատրոնում կայացած տոնակատարության ժամանակ:

Համերգային ծրագիրը եզրափակվեց տոնական հրավառությամբ։

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements