Մանուկների օրհնություն Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում և «Մի′ սպանիր» խորագրով երթ Եղեգնաձորում


Հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցին լեփ-լեցուն էր փոքրիկներով:

Վայոց ձորի թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ թեմի մանկական կենտրոնի սաները, Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի փոքրիները՝ գեղեցիկ տոնական հագուստներով, դաստիարակները, ծնողները եկել էին եկեղեցի՝ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությունն ստանալու,  ապա մասնակցելու «Մի սպանիր» ակցիային և Եղեգնաձորի ամֆիթատրոնում կազմակերպված միջոցառմանը:

Արժանապատիվ  Տեր Հայրը, շնորհավորելով ներկաներին տոնի առիթով, օրհնեց փոքրիկներին՝ մաղթելով  անհոգ և երջանիկ մանկություն:

Տեր Վազգենը ծնողներին հորդորեց ավելի ուշադիր լինել երեխաների դաստիարակության գործում և հատկապես անձնական արարքներով օրինակ լինել նրանց, քանի որ երեխաներն ավելի խոցելի են և  նրանք մեր պաշտպանության կարիքն ունեն:

Այնուհետև ելույթ ունեցավ Խ. Մարկոսյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Եկեք այդ չծնված երեխաների «անձայն աղաղակը» բարձրաձայնենք մեր երթով և Ո՛Չ ասենք այն «գենդերային» ցեղասպանությանը, որը տանում է հանցագործությունների և թրաֆիքինգի ավելացմանը: Սիրելիմայրեր, ձեր ձեռքում է ազգի ապագան, մի՛ թույլատրեք և մասնակից մի՛ եղեք հայրենիքի համար վաղվա զինվոր և քաղաքացի ծնող մայրերի սպանությանը»:

Մասնակիցներին թեմի մանկական կենտրոնի կամավորները բաժանեցին <<Մի′ սպանիր>> խորագրով բուկլետներ և փուչիկներ, որից հետո փոքրիներն ակցիայի խորագրին համապատասխան կարգախոսներով երթով շարժվեցին դեպի ամֆիթատրոն՝ մասնակցելու Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական համերգին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements