ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ


Հոգեգալուստը մի նոր սկիզբ է: Տիեզերքի ստեղծագործության և աշխարհի վրա  կյանքի հայտնվելու շատ կարևոր մի սկիզբ: Քրիստոսի Ծնունդով իրագործված փրկության տեսանելի արտահայտությունն է: Աշխարհի արկածալից պատմության ամբողջ ընթացքում չի եղել մի դեպք, որ օժտված լինի այնքան հարուստ կարելիություններով, որքան եղավ Հոգեգալուստը: Եվ ոչ մի ընկերային շարժում այնքան ուժգին թափ չի ստացել իր սկզբնավորության մեջ, որքան եղավ Հոգեգալուստով սկսված ընկերային, կրոնական ու բարոյական նոր շարժումը, մի ընթացք, որ դեռ շարունակվում է ու պիտի շարունակվի այնքան ժամանակ, որքան ընկերային հարաբերությունները գոյություն ունեն աշխարհի վրա:

Հոգեգալուստը քրիստոնեական եկեղեցու սկզբնավորությունն է:

Մարդիկ ընդունեն թե ուրանան` պատմական անհերքելի իրողություն է, որ Քրիստոնեական եկեղեցին ամենից առողջ ազդեցություն է ի գործ դրել մարդկային, ընկերային բարքերի բարելավման և մարդու բարձրացման մեջ: Ոչ ոք չի պնդում, որ Եկեղեցին կատարյալ ու անթերի մի կազմակերպություն է: Ոչ ոք չի ուրանում, որ նրա բազմադարյան պատմության ընթացքում չարիքներ չեն ծնվել նրա մեջ, հակառակը զարմանալի պիտի լիներ: Մարդկանցից կազմված ընկերություն լինելով` զերծ չի մնացել մարդուն հատուկ տկարություններից և մեղքերից: Սակայն պետք է ճշտել, որ   այդ թերացումները և չարիքները ոչ թե եկեղեցին ինքն է գործել իբրև համակարգ և ուսմունք, այլ նրանում եղած մի շարք մարդիկ, որոնք հավատարիմ չեն եղել նրա սկզբունքներին, որոնք անվանապես նրա մեջ լինելով հանդերձ` մաս չեն կազմել նրա հոգևոր և բարոյական գործունեությանը: Ուրիշ խոսքով` այդ թերացումները գործվել են մարդկանց կողմից, որոնք չեն ստացել այն հոգին, որ հատկապես Հոգեգալուստով տրվեց այս նոր ընկերային շարժման բոլոր անդամակցողներին: Վերջապես մարդկանց կողմից, որոնք այդ  Եկեղեցու  Ս. Գրքի իսկ բացատրությամբ` «մարել են հոգին» նախ իրենց մեջ, և, թերևս, նաև այն սահմանափակ զանգվածի մեջ, որտեղ գործվել են այդ չարիքները: Եվ եկեղեցին ի վերջո դատապարտել է նրանց:

Սակայն այս բոլորով հանդերձ, հիմնական տարբերությունը, որ նշմարվում է այս և մյուս մարդկային ընկերությունների միջև, այսինքն` մեծագույն հրաշքը, որ միշտ իրագործվում է այս ընկերության մեջ, այն է եղել, որ եկեղեցին իր մեջ միշտ ուժ և կարելիություն է զգացել ինքն իրեն վերանորոգելու: Չի պակասել իր քաջությունը և կարողությունը դարմանելու այն չարիքները, որոնք իր մեջ գործվել են հակառակ իրեն, բայց հաճախ իր անունով: Ու իր մեծ առաքյալներից մեկի` Պետրոսի նման սայթաքելով և կանգնելով` շարունակում է իր նախախնամական դերը և առաքելությունը մարդկային ընկերության մեջ:Ուստի միայն նշմարել և մատնանշել եկեղեցու թերությունները և անտեսել նրա համամարդկային իրագործումները, նշանակում է կույր ձևանալ պատմական իրողությունների հանդեպ կամ դառնալ ժխտական նախապաշարումի և տգիտության զոհը:

Եթե այսօր աշխարհիմեջ մի քիչմարդկություն է մտել, եթե հնարավոր է դարձել բարելավումը և բարձրացումը կնոջ և մանկան հասարակական դիրքերի, որոնք երբեմն անտեսված և արհամարհված մասն էին կազմում մարդկային այն ընկերային դրության, ուր միայն ուժն էր տիրական, եթե գերության  տաժանքը նախ մեղմացել և ի վերջո մեջտեղից վերացել է, ու վերջապես, եթե գրի, գրականության և արվեստի ջահն  անմար է պահվել բարբարոսների հարուցած փոթորիկներից, և հետո  դրանք ծաղկել ու դասական բարձունքի են հասել, այդ բոլորը եղել են քրիստոնեական եկեղեցու ջանքերով, քաջալերանքով և ազդեցությամբ: Սա այն կրոնն է, ուր առաջին անգամ ասվել է. «Չկա խտրություն ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի, որովհետև դուք բոլորդ մեկ եք Հիսուս Քրիստոսով: Քանզի բոլորդ էլ Աստուծո որդիներ եք հավատքով ի Քրիստոս Հիսուս» (Գաղտ. Գ 26, 27):

Եվ սա ասել է այն մեծ առաքյալը, որին ոմանք տգիտաբար ամբաստանում էին, թե իբր շեղել է քրիստոնեական շարժումն  իր հիմնադրի նշած ուղուց:

Արդ` այս ամենը և ավելին, սկիզբ առան Հոգեգալուստով:

Որտե՞ղե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել այս աշխարհանորոգ դեպքը:Երուսաղեմում, Հիսուսի համբարձումից տասն օր հետո, այսինքն` Զատկի հիսուներորդ օրը, հրեական «Պենտեկոստե» կոչված տոնին հաջորդող կիրակի օրը: «Պենտեկոստե» բառը, եթե որդեգրած լինեինք, այսօր պիտի արտասանեինք «Բենթիզոսթի». հունարեն մի բառ է, որ նշանակում է «Հիսներորդ» (օր): Ժողովրդական շրջանակներում այսպես էր կոչվում հրեական այն տոնը, որը գալիս էր հենց իրենց զատիկից, այսինքն` «պասեք»-ից հիսուն օր հետո, և Հին Կտակարանի մեջ ծանոթ է որպես «Տօն եօթներորդաց» կամ «Տօն ամարայնոյ», որը հունձքի սկզբնավորության տոնն էր, և հունձքի առաջին արդյունքներից Տիրոջ տաճարին ընծայելու օրը (Ելք ՒԳ 16, ԼԴ 22, Բ Օրինաց ԺԶ 9): Առաջ այս տոնին կցված է եղել նաև Մովսես մարգարեի ձեռքով Սինա լեռից հրեական Օրենքի տվչության հիշատակը: Եվ որովհետև Հոգեգալուստն էլ տեղի ունեցավ քրիստոնեական զատկից, այսինքն` Քրիստոսի հարությունից հիսուն օր լրանալուց հետո, ուստի այս բառը` «պենտեկոստե»,  սկսվեց գործածվել նաև Հոգեգալուստի համար:

Մեջբերենք Գործք Առաքելոց գրքից Հոգեգալստյան մասին գրվածը. թեկուզև շատ շատերին ծանոթ լինի այս հրաշալի դեպքը, սակայն, կան նաև ուրիշներ, որոնք ուրիշ շատ նյութերի կարգում մոռացած պիտի լինեն, նաև այս մասին իրենց սովորած քիչ բանը դպրոցի մեջ: Ամեն պարագայում միշտ օգտակար է մեր իմացածները կամ մոռացածները երբեմն թարմացնել ուղղակի ակից ըմպված  զուլալ ջրերով:

«Երբ պենտեկոստեի օրերը լրացան (նրանք, հավանաբար այն հարյուր քսան առաջին քրիստոնյաները, որոնք հիշվում են Գործ. Ա տասնհինգի մեջ) բոլորը միասին հավաքված էին վերնատան մեջ: Հանկարծ երկնքից մի ձայն հնչեց, ուժգին հովի հանած ձայնի նման և լցրեց ամբողջ տունը, որտեղ նրանք նստած էին, և երևացին կրակի նման հրեղեն լեզուներ, որոնք հանգչեցին նրանցից յուրաքանչյուրի վրա. և բոլորն էլ լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին խոսել տարբեր լեզուներով, ինչպես որ Հոգին խոսեցնում էր նրանց: Երուսաղեմում կային երկյուղած հրեաներ, եկած երկնքի տակ եղող բոլոր ազգերից: Երբ այս ուժգին ձայնը լսելի եղավ, բազմությունը եկավ և խռնվեց վերնատան շուրջը, և ապշեցին` տեսնելով, որ առաքյալները խոսում էին իրենց երկրների լեզուներով: Եվ զարմացած և սքանչացած իրար ասում էին. «Այս խոսողները բոլորն էլ Գալիլիայից չե՞ն, ուրեմն ինչպե՞ս է լինում, որ լսում ենք բարբառներն այն ժողովուրդների, որտեղ ծնվել ենք, այսինքն` պարթևներ, մարեր, իլամացիներ և նրանք, որբնակվում էին Միջագետքում, Հայաստանում, Գամիրքում, Պոնտոս Էգեական շրջանում, Հռոմից եկածներ, լինեն հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ և արաբներ, լսում ենքսրանց խոսելը մեր լեզուներով Աստծո մեծագործությունների մասին: Բոլորն էլ զարմացած և շփոթված հարցնում էին իրար. ի՞նչ է նշանակում սա: Ոմանք էլ ծաղրելով ասում էին, թե գինովցած են» (Գործք Բ 1-13):

Այդ մարդիկ, արդարև, արբեցած էին, սական ոչ թե ոգելից ըմպելիքով, այլ մի նոր հոգով, նոր գաղափարով, նոր կյանքով:

(Շնորհք Պատրիարք Գալուստյան, Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան և Գունագեղ կիրակիներ ու Հոգեգալուստ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2011թ.):

Advertisements