«Վայոց ձոր-2017» պարարվեստի փառատոնը  Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում


Օրերս Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում (ԵՄԿ) տեղի ունեցավ «Պահպանենք մեր հոգևորմշակութային արժեքները» խորագրով «Վայոց ձոր-2017» պարարվեստի փառատոնը, որի կազմակերպիչներն էին ԵՄԿի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի մշակութային զարգացման կենտրոն  ՀԿն:

Այս գեղեցիկ հանդիսությանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, պարային համույթների գեղարվեստական ղեկավարները, ծնողներ և այլք:

Փառատոնը բացվեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով:

Արժանապատիվ Տեր Հայրն իր խոսքում ասաց.«…Թող Աստված պահի, պահպանի և օրհնի մեր հայրենիքը, հայոց բանակը, երիտասարդներին, մեծահասակներին, երեխաներին և հատկապես այս փառատոնին մասնակից պարի համույթներին և գեղ. ղեկավարներին, որպեսզի էլ ավելի ջանասիրությամբ նրանք լցվեն մեր մշակութային այս գանձը՝ պարը, պահելու և սերունդներին փոխանցելու համար»:

Այս անմոռանալի փառատոնի ընթացքում խրոխտ, վճռական, գեղեցիկ և յուրօրինակ ելույթներով հանդես եկան հետևյալ պարային համույթները՝ Զառիթափի «Փշոնք» (գեղ. ղեկավար և պարուսույց՝ Լիլիկ Քոչարյան), Ջերմուկի արվեստի թիվ 2 դպրոց (գեղ. ղեկավարներ և պարուսույցներ՝ Արարատ Հակոբյան, Գրետա Հակոբյան, Նոնա Մկրտչյան և Անահիտ Արշակյան), Եղեգնաձորի «Ֆլամինգո» (գեղ. ղեկավար և պարուսույց՝ միջազգային կարգի դատավոր, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՈ-ի ներկայացուցիչ՝ Արտաշես Մեսրոպյան), ԵՄԿ-ի «Բողբոջ» (գեղ. ղեկավար և պարուսույց՝ Վերգինե Վանյան), տասնամյակների պատմություն ունեցող Վայքի «Անուրջներ» (գեղ. ղեկավարներ՝ Լիլիկ Քոչարյան և Ալմաստ Սաֆարյան), «Ռաֆֆա» (գեղ. ղեկավար և պարուսույց՝ Ռաֆայելա Բագրատունի), Եղեգնաձորի ՄՍԿ-ի «Հայք» (գեղ. ղեկավար՝ Սիլվա Կարապետյան և պարուսույց՝ Արմինե Սարգսյան), Խաչիկի (գեղ. ղեկավար և պարուսույց՝ Բելլա Առաքելյան), Շատինի նորաստեղծ, Եղեգիսի նորաստեղծ, Ագարակաձորի և Արտաբույնքի (գեղ. ղեկավար և պարուսույց՝ Խաժակ Բաբայան), Արենիի, Ռինդի և Եղեգնաձորի երիտասարդական «Արմատներ» նորաստեղծ ( գեղ. ղեկավար և պարուսույց՝ Դավիթ Հովհաննիսյան):

Պետք է ընդունենք, որ այս փառատոնի յուրաքանչյուր մասնակից իրականացրեց մի յուրատեսակ առաքելություն վերոհիշյալ խորագիրը կյանքի կոչելու համար:

Ներկաները ջերմ ծափողջույններով էլ ավելի էին ոգևորում մասնակից պարի համույթների գեղեցիկ և տպավորիչ ելույթներին:

Վայոցձորյան պարային փառատոնն ավարտվեց Ագարակաձորի պարային համույթի ռազմական պարով:

Այս պարը վկայությունն է մեր ժողովրդի ազնվական էության և անկոտրում կամքի, քրիստոնեական սիրո, ներողամտության, հանդուրժողականության կրողի, միևնույն ժամանակ խրոխտ, վճռական, իր երկրի, իր եկեղեցու և իր ապագայի համար մարտնչելու և հաղթանակի պատրաստ ժողովրդի համար:

Այնուհետև փառատոնի բոլոր մասնակիցներին իր շնորհակալությունն ու երախտիքի խոսքն ասաց ԵՄԿի տնօրեն Մարո Սիմոնյանը:

«Մենք բարձր ենք գնահատում պարի դերը մեր սերունդների դաստիարակության գործում, քանի որ այն արտահայտում է մեր հոգու ռիթմը, մեր ոգու ուժը, մեր վերաբերմունքը մեր երկրի, մեր ժողովրդի ու աշխարհի հանդեպ, պարը գեղեցկացնում ու զարդարում է մեր կյանքը, զինում է մեզ լավատեսությամբ ու հավատով ապագայի հանդեպ»,- ասաց տիկին Սիմոնյանը:

Ելութի ավարտին տիկին Սիմոնյանը փառատոնին մասնակից բոլոր ղեկավարներին, պարուսույցներին և համույթների պարողներին հանձնեց դիպլոմներ ու պատվոգրեր:

Այնուհետև տիկին Սիմոնյանը շնորհակալագրեր հանձնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի տնօրեն Հասմիկ Մարգարյանին և Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանին՝ փառատոնին աջակցելու համար:

Պարային պառատոնը եզրափակվեց ավանդական «Քոչարի»-ով:

Վերջում ներկաները շնորհակալության և գնահատանքի բազմաթիվ խոսքեր ասացին միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ ինքնատիպ, յուրօրինակ փառատոն կազմակերպելու և հաճելի ակնթարթներ պարգևելու համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին փառատոնին մասնակից բոլոր պարային համույթների ղեկավարներին՝ Վայոց ձորի մարզում պարերի լայն տարածման, ուսուցման ուղղությամբ կատարած մեծ աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

 

 

 

Advertisements