«Մի՛ սպանիր» ծրագրի շրջանակներում հանդիպում-քննարկում  Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


«Մայրերի ափի մեջ պիտ փնտրել
ազգերի ճակատագիրը»:
( Գ. Նժդեհ)

Օրերս «Մի՛ սպանիր» ծրագրի շրջանակներում թեմի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ  հանդիպում-քննարկում տեղի ունեցավ Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, որին ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, թեմի մանկական կենտրոնի կամավոր, դաշնակահար Արմինե Սարգսյանը, թեմի, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի, Եղեգնաձորի համայնքապետարանի, մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներ, հոգեբան Հայկուհի Թովմասյանը և այլք:

Տերունական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ արժանապատիվ Տեր Հայրը, ով խոսեց ծրագրի և դրա շրջանակներում անցկացված տարբեր հանդիպումների մասին, ինչպես նաև պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Այնուհետև ելույթ ունեցավ Խ. Մարկոսյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց.«Այս ծրագրի նպատակն է սեռով պայմանավորված աբորտների պատճառով առաջացող սոցիալական և ժողովրդագրական լուրջ հետևանքները կանխել, իսկ հիմնախնդրի լուծման ուղիներն են՝ կրթել, հնարավորինս փոխել քարացած ավանդական մտածելակերպը, բարձրացնել կնոջ դերը հասարակության մեջ՝ բուկլետների, պաստառների, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումով և քննարկումներով, համապատասխան մասնագետների /հոգևորական, բժիշկ, հոգեբան/ մասնակցությամբ, հանրային ակցիա կազմակերպելու միջոցով, սոցիալական ցանցերում համապատասխան էջեր ստեղծելով և ծրագրի շրջանակներում նկարահանված նյութերը սոց. ցանցերում տեղադրելով»:

Թեմայի շուրջ սկսվեց ակտիվ քննարկում: Ներկաների կողմից բարձրացված հարցերին պատասխանեց նաև հոգեբան Հ. Թովմասյանը:
Պետք է նշել, որ ներկաներին շատ հետաքրքրեց այս ծրագիրը և ամբողջ սեմինարի ընթացքում ցուցաբերում էին ակտիվություն և սեփական տեսակետն արտահայտելու մեծ ցանկություն:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում շնորհավորեցին սեմինարին մասնակից Լուսինեի ծննդյան օրը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements