Օրերս Գլաձոր համայնքում տեղի ունեցավ 1992-1994թթ. Արցախյան պատերազմում զոհված գլաձորցի 6 ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարի (հովանավոր` երջանկահիշատակ Ռազմիկ Մովսիսյան) բացման արարողությունը, որին ներկա էին համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները, համայքնի բնակիչները, հյուրեր և այլք:
Միջոցառմանը հրավիրված էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Հոգեհանգստյան կարգ կատարեց՝ հերոս ազատամարտիկների հիշատակի համար:
Արժանապատիվ Տեր Հայրն իր խոսքում ներկաներին և հատկապես երիտասարդներին կոչ արեց որպես օրինակ ունենալ այն բոլոր հայրենասեր հայորդիներին, ովքեր հանուն խաղաղության, ազատության, մեր պետականության պահպանման տվեցին իրենց ունեցած ամենաթանկը՝ կյանքը:
Հուշաքարի բացման արարողության ավարտին զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառում տեղի ունեցավ համայնքի դպրոցում:
Այդ օրը դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց ազատամարտիկ Արա Բադալյանի անվամբ:
Թեմի լրատվության բաժին