Տարեվերջյան միջոցառում Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնում


Օրերս Եղեգնաձորի «Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնում դաստիարակչուհի  Նարինե Ավետիսյանի կողմից կազմակերպվեց «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով միջոցառում, որին ներկա էին կենտրոնի տնօրեն Նարինե Դավթյանը, Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, Կրթության ազգային ինստիտուտի Վայոց ձորի մարզի մասնաճյուղի ներկայացուցիչ Անահիտ Պապյանը, ծնողներ և այլք:

Կենտրոնի ավագ խմբի սաների տարեվերջյան հանդեսն սկսվեց Պույ-պույ  մկնիկի երգով, որի ավարտին կատուն գողացավ պատկերազարդ այբբենարանը, իսկ մկները փախչեցին:

Պույ-պույն սկսեց լաց լինել, ապա եկավ Մհերն ու տեսնելով լացող Պույ-պույին՝  ասաց.

Հիմա արի դու ինձ լսիր,

Արցունքներդ շուտ մաքրիր,

Հոնքերդ էլ մի կիտիր,

Արի ինձ հետ միասին

Քոլեջ գնանք՝ հանդեսի,

Կտեսնես, թե ինչ լավն է մեր Ծիածանը,

Կսովորես կարդալ, գրել,

Հաշվել, ծեփել ու նկարել,

Ու մինչ դառնաս 6 տարեկան

Շատ բաներ դու կիմանաս,

Ու նոր միայն դպրոց կգնաս:

 Միջոցառման ընթացքում փոքրիկները ներկայացրին իրենց գիտելիքները, կարողությունները և հմտությունները մաթեմատիկայից, մայրենի լեզվից, ռուսերենից, անգլերենից, բնագիտությունից, շախմատից, երաժշտությունից և սպորտային մարմնամարզությունից:

Մանուկներից մի յուրահատուկ անմեղություն ու մաքրություն էր հորդում: Մանկական զրնգուն ծիծաղ, պարզ ու միամիտ հայացքներ, աչիկներում թաքցրած անհանգստություն, երգ, պար, ժպիտներ…

Երեխաները կարծես զգում էին, որ նոր աշխարհ էին հայտնաբերելու և իրենց մանկական աշխարհը թողնում էին մի փոքր տխրությամբ, չէ՞ որ այստեղ նրանք մի համերաշխ ընտանիք էին և իրենց դաստիարակները՝ ընկեր Նարինեն և ընկեր Լուսինեն, և ուսուցիչները՝ ընկեր Անին, ընկեր Լենան, ընկեր Սյուզին, ընկեր  Խալաթյանը, ընկեր Ռաֆայելան և ընկեր Մարինեն, սիրում էին նրանց հարազատ մոր պես:

Վերջիններս ջանք ու եռանդ չէին խնայել մանուկների մոտ սեր առաջացնելու արտաքին աշխարհի, մեր երկրի չքնաղ բնության, նրա պահպանման համար և ամենակարևորն այն է, որ փոքրիկների մոտ ակնհայտ էր հայրենասիրական ոգին: Շնորհիվ դաստիարակների և ուսուցիչների երեխաներն արդեն տառաճանաչ էին, գիտեին հաշվել, կարծիք ունեին իրենց շրջապատող բնության մասին, գիտեին հեքիաթներ, գրողներին, «Սասնա ծռեր»  էպոսը, Հայաստանի մարզերը և այլն: Միաժամանակ հարկ է նշել, որ նրանց աշխատանքի արդյունավետությունն ապահովվել է նաև ծնողների հետ համագործակցությամբ: Նրանք ամեն կերպ աջակցել և օգնել են կենտրոնում կազմակերպվող ցանկացած միջոցառում պատշաճ մակարդակով կազմակերպելուն:

Հրավիրվածներից բոլորն էլ մի պահ վերացել էին առօրյա հոգսերից, մանկացել ու խանդավառվել էին երեխաների հետ և հիացմունքով ունկնդրում էին, թե ինչպես էին երգում, պարում, տառաճանաչություն ցուցաբերում փոքրիկները: Մանուկներն իրենց տողերն արտասանում էին գիտակցորեն, պարում ու երգում` վստահորեն: Երեխաներն այս գեղեցիկ միջոցառմանը շատ լավ էին նախապատրաստվել: Նրանց ելույթները հիացրին և հրճվանքի րոպեներ պարգևեցին ներկաներին: Կարծես բուրավետ ու երփներանգ ծաղիկներ լինեին, որոնցից յուրաքանչյուրը բուրում էր յուրովի:

Միջոցառումն ավարտվեց կազմակերպչի՝ Նարինե Ավետիսյանի բարեմաղթանքով՝

 Մեր սիրելի հանդիսատես ,

Ահա և վերջ,

Ավարտվեց ևս մեկ էջ

Մեր գեղեցիկ պատմությունից,

Որ կերտել ենք մենք այստեղ:

Շնորհակալ եմ ես բոլորից,

Իմ այս հրաշք սաներից:

Իմ սիրելի ու հարազատ երեխաներ,

Մեծ կյանք մտեք դուք անվարան,

Թո′ղ ձեր ճամփին ամեն տատասկ

Դառնա պարտեզ ծաղկազարդ:                                                                 

Այնուհետև կենտրոնի տնօրեն Նարինե Դավթյանը շնորհավորեց փոքրիկներին, ծնողներին` նշելով, որ իրենց աշխատանքի արդյունքում դաստիարակել են արժանի սաներ, ովքեր ստացել են այնպիսի գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնցով իրենց կենտրոնի սաները վստահ կարող են մուտք գործել գիտելիքների մի նոր աշխարհ՝ դպրոց:

Այնուհետև տնօրենը սաներին հանձնեց նրանց ավարտական վկայականները և խմբանկարները՝ իր խոսքն ավարտելով հետևյալ բարեմաղթանքով.

-Ծիածանի վառ գույները
Թող ողողեն ձեր մանկությունը,
Լինեն ուղեկից ձեր ճանապարհին,
Երանգ հաղորդեն ձեր գունեղ կյանքին:
Ձեզ բարի երթ, իմ խելացի փոքրիկներ

Այնուհետև երեխաներին և կենտրոնի աշխատակազմին իր շնորհավորանքի և երախտիքի խոսքն ասաց Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը, ով փոքրիկներին փոխանցեց նաև համայնքապետ Դավիթ Հարությունյանի կողմից ուղարկված նվերները:

«Երեխաներն այսօր կյանքի նոր փուլ են մտնում, ինքներս վկա եղանք, թե ինչերի են հասել այս մի քանի տարիների ընթացքում, ծնողները պարտական պիտի լինեն մանկապարտեզի ողջ աշխատակազմին: Այսօրվա միջոցառումը խոսուն վկան էր դաստիարակների քրտնաջան աշխատանքի: Շնորհակալություն դաստիարակներին, դայակներին՝ երեխաներին խնամելու և ճիշտ դաստիարակելու համար: Համոզված եմ, որ, հաճախելով դպրոց, նրանք հուսախաբ չեն անի և բարձր կպահեն մանկապարտեզի անունը»,– ասաց պրն. Ավագյանը:

Վերջում իր բարեմաղթանքի խոսքն ասաց նաև Կրթության ազգային ինստիտուտի Վայոց ձորի մարզի մասնաճյուղի ներկայացուցիչ Անահիտ Պապյանը:

Բարի երթ Ձեզ, սիրելի′ փոքրիկներ:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements