Սերյոժա Գասպարյանի “Արծաթ աղբյուրների  հեքիաթը” գրքի շնորհանդեսը  


 

Օրերս Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ Վայոց ձորի գրողների և ժուռնալիստների միության անդամ Սերյոժա Գասպարյանի Արծաթ աղբյուրների հեքիաթը”  գրքի շնորհանդեսը:

Հեղինակը երկար տարիների վաստակաշատ շինարար է, որ իր ուժերը փորձում է նաև գրականության ասպարեզում:

Գրքում զետեղված պատմվածքները, նովելային պատումները, մանրապատումները վկայում են հեղինակի գրական անուրանալի ձիրքի մասին: Ժողովածուն պարունակում է նաև ազգագրական նշանակություն ունեցող պատումներ: «Արտաբույնք»-ում Ս. Գասպարյանն առինքնող զրույցի ձևով ներկայացնում է իր հարազատ գյուղը, որի պատմությունը շատ հին է և սկիզբ է առնում դեռևս Վարդան Մամիկոնյանի ժամանակներից:

Ընթերցելով գիրքը՝ տեսնում ես բնապաշտ մի գրողի, որն անչափ կարևորում է բնության և մարդու սերտ կապը: Այդ թեման շոշափված է «Բարեկամները» և «Այգեպանի ինքնազրույցը» պատմվածքներում:

Գեղարվեստական խոսքի հաջողված նմուշ է «Արծաթ աղբյուրների հեքիաթը» պատմվածքը, որը հեղինակն ընտրել է որպես գրքի վերնագիր: Նրանում Ս. Գասպարյանը ռոմանտիկական տեսիլքայինը առնչում է իրական աշխարհի, հարազատ ծննդավայրի գողտրիկ պատկերներին, որտեղ խոխոջում են Արծաթ աղբյուրները, ուր հայրենի գետը սկիզբ է առնում Մամռոտ լճից, որտեղ բնակվում էին ջրահարսերն ու փերիները:

Մարզային գրադարանում համախմբվել էին ամբողջ մարզի գրական աշխարհի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ով ներկայացրեց ինժեներ Սերյոժա Գասպարյանի կենսագրությունը, ապա գրքի մասին բովանդակալից խոսք ասաց հեղինակի հայրենակից, Արտաբույնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մեսրոպ Բաբայանը:

Այնուհետև ողջույնի խոսք ասացին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը,  Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մասնաճյուղի անդամներ Նորիկ Առաքելյանը, Վարդիթեր Գևորգյանը, նրա հայրենակից Սմբատ Մելիքսեթյանը, մանկավարժներ Կարինե Մովսիսյանը (Ս. Գասպարյանի գրքի խմբագիր), Լուսիկ Մկրտչյանը և Վարսիկ Հովհաննիսյանը:

Գրադարանի պատանի ընթերցողների ուժերով ներկայացվեց հետաքրքիր դրվագներ գրքից: Հնչեցին նաև երաժշտական կատարումներ հեղինակի գրչակից ընկերների և նրանց ընտանիքի անդամների կատարմամբ:

Սերյոժա Գասպարյանն  իր խոսքում նշեց, որ գրքով ցանկացել է ներկայացնել այն մեծ սերը, որ արտաբույնքցիներն ունեն առ հայրենի գյուղն ու նրա չքնաղ բնությունը:

Գրքի հեղինակն իր խոսքում մասնավորապես ասաց.«Դեռևս դպրոցական տարիներից սկսեցի ստեղծագործել որպես ակնարկագիր, և իմ առաջին գործը, որ տպագրվեց, դեռևս 9-րդ դասարանում էի սովորում: Այնուհետև ակնարկներս ու հոդվածներս տպագրվեցին մարզային և հանրապետական մամուլում: Գրվածքներս որպես գրական գործեր դարձան 2002թ. («Բարեկամները» ստեղծագործությունը), և կարելի է ասել, որ լրացել է նաև իմ գրական գործունեության 15-ամյակը: Այսօր ես Ձեր դատին եմ հանձնում իմ ստեղծագործությունների այս փոքրաթիվ ժողովածուն, որը կոչվում է «Արծաթ աղբյուրների հեքիաթը» պատումի անունով: Գիրքը բացվում է Արտաբույնք համայնքին նվիրված ստեղծագործությամբ, որին հաջորդում են «Խառը պատմություններ», «Անմեղ պատմություններ» և «Մանրապատումներ» շարքերը»:

Ավելացնենք նաև, որ շնորհանդեսն սկսվեց Արտաբույնքին վերաբերող փոքրիկ տեսանյութով և ավարտվեց արտաբույնցիներին նվիրված երգով (տեքստի և երաժշտության հեղինակ՝ բանաստեղծուհի Լուսիկ Մկրտչյան):

Սրտանց շնորհավորում ենք Սերյոժա Գասպարյանին «Արծաթ աղբյուրների հեքիաթը» գրքի լույս ընծայման առիթով՝ ցանկանալով նորանոր ստեղծագործական հաջողություններ, առողջություն և ընտանեկան երջանկություն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements