Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվեց «Նորավանքի վեհությունը» վերնագրով գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը


Օրերս Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի աշխատակիցների նախաձեռնությամբ «Մշակութային Վայոց ձոր, Նորավանքի վանական համալիր,  Օրբելյան իշխանական նստավայր» խորագրի ներքո թանգարանում բացվեց «Նորավանքի վեհությունը» վերնագրով գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի կողմից արված լուսանկարները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Երկրագիտական թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը, ով ողջունելով ներկաներին՝ իր շնորհակալությունը հայտնեց Տեր Սահակին՝ այսպիսի գեղեցիկ լուսանկարներ թանգարանի կողմից կազմակերպված ցուցահանդեսին տրամադրելու համար:

Այնուհետև արժանապատիվ Տեր Հորը ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ՏՀԿ բանժնի պետ Սոնա Մարգարյանը, գեղանկարիչ Կամո Սահակյանը, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը:

Տեր Հայրը, իր օրհնությունը հղելով ներկաներին, գնահատանքի խոսք ասաց թանգարանի տնօրինությանը՝ գլխավորությամբ Կարինե Ստեփանյանի, որոնց կատարած մեծ աշխատանքի շնորհիվ կայացավ այդ գեղեցիկ, յուրօրինակ լուսանկարների ցուցահանդեսը:

Տեր Սահակն իր խոսքում համեստորեն նշեց, որ ինքը պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ (թեև լուսանկարներն անթերի էին), պարզապես ներքին մղումով ու ցանկությամբ ցանկացել է աշխարհին ներկայացնել Նորավանքն իր ամբողջ վեհությամբ՝ այն ներկայացնելով տարվա չորս եղանակներին և օրվա տարբեր ժամերին:

Այնուհետև տեղի ունեցավ սեմինար-զրույց, որի ընթացքում Տեր Հայրը ներկայացրեց լուսանկարները՝ յուրօրինակ մեկնաբանություններ տալով և միաժամանակ պատասխանելով ներկաների հարցերին:

Հոգևոր շարականների հրաշալի կատարումներով հանդես եկան «Արմենյան» մանկապատանեկան երգչամբի սաներ Քրիստինա Գրիգորյանը և Նարեկ Կարախանյանը (գեղ. ղեկավար՝ Մարո Սիմոնյան):

Ցուցահանդեսն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում. ներկաները հետաքրքրությամբ, զարմանքով և հիացմունքով դիտեցին լուսանկարները, որոնցում պատկերված էր մեր չքնաղ Նորավանքը:

Ցուցահանդեսին հրավիրված էին 2015թ. դեկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք կատարելիս հակառակորդի դիպուկահարի կրակից զոհված լեյտենանտ Վարդան Վարդանյանի ծնողները՝ տիկին Գայանեն և Արթուրը, ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները, մշակութային և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ և քաղաքի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով և յուրաքանչյուրն իր հետ տուն տարավ դրական էմոցիաներ:

Ցուցահանդեսը թանգարանում կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը:

Սրտանց շնորհավորում ենք Արժանապատիվ Տեր Հորը՝  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավորին` մաղթելով, որ Ամենակալ Տերն առավել զորացնի Տեր Սահակին՝ իր նվիրական առաքելության մեջ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements