Աղոթող զինվորի մեջ Աստվածային ուժ կա, որը նրան կերպարանափոխում է, և տեղի է ունենում այն հրաշքը, որ կոչում ենք Աստծո ներկայություն. ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ


Սույն թվականի հուլիսի 4-ին, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսում մեծ շուքով տոնվեց զորամիավորման կազմավորման և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության 20 ամյակները: Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ մատուռի օրհնության և բացման արարողություն: Մատուռն անվանակոչվեց «Սուրբ Գրիգոր Տաթևացու» անունով: Այն կառուցվել էր զորամիավորման հրամանատար՝ գնդապետ Վ. Քոչարյանի ջանքերով, զինվորականների ու տեղացիների օգնությամբ:

Օրհնության արարողությունը կատարվեց ձեռամբ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Վրթանես Եպս. Աբրահամյանի, ով իր խոսքում կարևորեց մատուռի առկայությունը զորամասում՝ զինծառայողների շրջանում հոգևոր կարիքների և պահանջների բավարարման համար: Ըստ Սրբազան Հոր՝ եթե զինվորը, սպան աղոթում են, ապա դառնում են անկոտրուն, աննկուն, անպարտելի, որովհետև աղոթող զինվորի մեջ Աստվածային ուժ կա, որը նրան կերպարանափոխում է, և տեղի է ունենում այն հրաշքը, որ կոչում ենք Աստծո ներկայություն:
Մատուռի բացման արարողությանը մասնակցում էին 5-րդ բանակային կորպուսի Ավագ Գնդերեց Տեր Ենովք քհն. Եսայանը, 4-րդ բանակային կորպուսի Ավագ Գնդերեց Տեր Գալուստ քհն. Սահակյանն ու նույն զորամիավորման մեջ ընդգրկված զորամասերի գնդերեցները, ինչպես նաև, ներկա էին բանակային կորպուսի ողջ անձնակազմը, մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վայոց Ձորի  ԵԿՄ անդամներ և այլոք:

Հավարտ արարողության, գնդապետ Վ. Քոչարյանը ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդին փոխանցեց 4-րդ բանակային կորպուսի խորհրդանիշ հուշանվերը, իսկ Սրբազան Հայրը Սուրբ Գրիգոր Տաթևացու պատկերով սրբանկար նվիրեց զորամիավորման հրամանատարին և օրհնության գրեր բաշխեց հոգևոր ծառայությանը աջակցություն ցուցաբերած արժանավոր ու եկեղեցանվեր սպաներին:
Նույն օրը՝ երեկոյան, Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ հոգևոր-հայրենասիրական միջոցառում՝ նվիրված ՀՀ ԶՈՒ ՀոգևորԱռաջնորդության կազմավորման 20-րդ ամյակին: Օրհնության խոսքով հանդես եկավ 4-րդ բանակային կորպուսի Ավագ Գնդերեց Տեր Գալուստ քհն. Սահակյանը, ով ներկայացրեց ՀՀ ԶՈւ 20-ամյա գործունեությունը և իր խոսքում հաստատեց այն սրբազան ճշմարտությունը, որ հայ հոգևորականը մեր պատմության ողջ ընթացքում եղել է արտաքին թշնամուն դիմագրավող իր զավակների կողքին և նրանց գոտեպնդելուց ու հոգեպես զինելուց զատ, ինքը ևս զենքը ձեռքին մարտնչել է թշնամու դեմ և կյանքը դրել հայրենիքի զոհասեղանին:

Միջոցառման ընթացքում «Կարմիր Վարդան» երգով հանդես եկան նաև գնդերեցներ Գագիկ սրկ. Հակոբյանը և Արսեն սրկ. Մատթևոսյանը: Ավարտին՝ բանակային կորպուսի ավագ գնդերեցը և մյուս գնդերեցները, զորամիավորման հրամանատարի կողմից ստացան պատվոգրեր:


Միջոցառումն ավարտվեց ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի փակման ելույթով, որտեղ ասվում էր. «… Մենք ենք անկախության ժառանգներն ու հետնորդները, քանզի այսօր մեզ է վիճակված Հայրենիքի հարատևման ու զորացման երաշխիքի՝ անկախության պահապանները լինելու՝ խաչով ու զենքով, գրչով ու աստվածային իմաստությամբ: Ուրեմն միասնական ամուր հավատքով կառուցենք հզոր բանակ և պաշտպանված հայրենիք…»:

 

Պատրաստեց զորամասի գնդերեց՝
Գագիկ սարկավագ Հակոբյանը
Աղբյուր՝ http://www.armchaplain.org 

Advertisements