Մատուռի բացում հենակետում


Սույն թվականի հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում տեղի ունեցավ մատուռի օրհնության և բացման արարողություն՝ ձեռամբ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Արարողությանը մասնակցում էին Բանակային կորպուսի հրամանատարը, բարձրաստիճան սպաներ, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներ, Խաչիկ, Գլաձոր և Աղավնաձոր համայնքների ղեկավարները:

Սրբազան Հայրն իր քարոզում կարևորեց մարտական հենակետերում մատուռների առկայությունը: Ըստ նրա՝ <<մատուռը դարձել է զինվորի հոգեհարազատ ու սիրելի վայրը: Հենց այստեղ է, որ նա վերագտնում է իր հոգու խաղաղությունն ու անդորրը, հաշտվում իր ծառայակիցների հետ, թոթափում ծառայական հոգնությունը, մխիթարվում, լցվում նոր եռանդով ու զորությամբ>>:

Ներկաներին շնորհավորեց նաև բանակային կորպուսի հրամանատարը՝ գնդապետ Վ. Քոչարյանը, ով իր ելույթում հաստատեց այն սրբազան ճշմարտությունը, որ Զինվորը մատուռից դուրս է գալիս հոգեպես ու բարոյապես առավել կայուն և ուժեղ` ապավինած Աստծո զորությանը ու հենց այսպիսին է անպարտելի զինվորը` զենքը ձեռքին, քաջությունը սրտում, աղոթքը շուրթերին:

Արարողության ժամանակ իրենց հոգևոր և հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարմամբ հանդես եկան Խաչիկ գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մանկական երգչախմբի սաները՝ գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանի ղեկավարությամբ:

Մատուռի կառուցման նախաձեռնությունը տվյալ հենակետի զինծառայողների և իրենց վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միքայել Բադալյանինն է եղել, ովքեր էլ զօր ու գիշեր աշխատելով՝ ստացել էին մատուռի այն տեսքը, որը հիացրեց բոլոր ներկաներին ու հյուրերին: Նորակառույց այս սրբավայրը կարծես լրացրեց սահմանապահ համայնքի հնամենի սրբավայրերի շարքը:

Մատուռի կառուցման, ինչպես նաև, զորամասում  հոգևոր արժեքների տարածման ու ամրապնդման կապակցությամբ, գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Արման Քարտաշյանը և վաշտի հրամանատարը՝ ավագ լեյտենանտ Միքայել Բադալյանը, Սրբազան Հոր կողմից արժանացան Օրհնության գրերի, իսկ հենակետի անձնակազմը, զորամասի հրամանատարության կողմից արժանացավ պատվոգրերի:

Մարտական հենակետում կառուցված մատուռը անվանակոչվեց «Սուրբ Խաչ»՝ այն հաստատուն հավատքով, որ Քրիստոսի Սուրբ Խաչը զորավիգ է հայոց սահմաններին:

Հավարտ արարողության զորամասի հրամանատարության կողմից հյուրերին մատուցվեց մատաղ:

Գագիկ Սրկ. Հակոբյան, զորամասի Գնդերեց

Լուսանկարները՝ Էդվարդ Բագրատունու

Advertisements